Բուռն տարի Թուրքիայի համար. Հայաստանի հետ հարաբերություններում «ձնհալ» կլինի՞

Թեև Երևանի և Անկարայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, այդուհանդերձ Թուրքիայում գրանցվող ներքաղաքական ցանկացած իրարանցում նկատելի հետաքրքրություն է առաջացնում Հայաստանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik, Աշոտ Սաֆարյան. 2019 թվականը բուռն էր Հայաստանի հարևան Թուրքիայի համար. Ստամբուլի քաղաքապետի ընտրությունը, որը մեկի փոխարեն երկու անգամ անցկացվեց, աղմկահարույց ձախողմամբ պսակվեց իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության համար։ Երկրի խոշորագույն քաղաքն ու տնտեսական մայրաքաղաքը գլխավորեց քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության անդամ Էքրեմ Իմամօղլուն։ Միաժամանակ էրդողանական «Արդարություն և զարգացում» կուսակցությունից հեռացած Ահմեդ Դավութօղլուն և Ալի Բաբաջանն իրենց կուսակցությունները ստեղծեցին։ Երկու քաղաքական գործիչներն էլ երկրում և երկրից դուրս մեծ հեղինակություն են վայելում։

Սաֆրաստյան. «Էրդողանի կուսակցությունը Թուրքիայում զգալիորեն զիջել է դիրքերը»

Անկախ այն հանգամանքից, որ Երևանի ու Անկարայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, Թուրքիայի ներքաղաքական թոհուբոհը նկատելի հետաքրքրություն է առաջացնում Հայաստանում։ Եվ դա հասկանալի է. Անկարան ակնհայտ թշնամական քաղաքականություն է վարում, փակ է պահում Հայաստանի հետ սահմանը, Ղարաբաղյան հակամարտության հարցում սատարում է Բաքվին։ Եվ հաշվի առնելով, որ Անկարայի այդ ագրեսիան վերջին տարիներին` Էրդողանի կառավարման օրոք, ուժեղացել է, նրա ռեժիմը թուլացնելու ցանկացած հնարավորություն դիտարկվում է որպես թշնամանքը որոշ չափով մեղմելու նախաբան։

Այդուհանդերձ, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը կարծում է, որ հայ–թուրքական հարաբերություններում որևէ առաջընթացի սպասել չարժե։ Թուրքիայի քիչ թե շատ ազդեցիկ քաղաքական ուժերից որևէ մեկը պատրաստ չէ Հայաստանի հետ երկխոսություն վարել առանց նախապայմանների։

Ինչ փոխեց 2019–ը հայ–ռուսական հարաբերություններում. արդարացա՞ն բացասական կանխատեսումները

«Թուրքիայի քաղաքական վերնախավը հիմնականում վառ արտահայտված հակահայկական դիրքորոշում ունի 1991 թվականից ի վեր։ Այդ իրավիճակը փոխելու համար սերնդափոխություն է պետք», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Սաֆրաստյանը։

Նա կարծում է, որ թուրքական ղեկավարության այսօրվա սերունդը հարաբերությունների նորմալացման չի գնա, ինչը կնշանակեր դիվանագիտական հարաբերությունների հաստատում, սահմանների բացում և այլն։ Փորձագետը հիշեցրեց, որ մի քանի տարի առաջ թուրքական հասարակության որոշ շերտեր սկսեցին պնդել Հայաստանի հետ նորմալ հարաբերությունների անհրաժեշտության մասին։ Սակայն հետագա բռնաճնշումներն այդ երկրում խլացրին հասարակության բոլոր խելամիտ ձայները։ Այսօր այդ ձայներն այլևս չեն լսվում։

Սարգսյան. «Հիմա ԱՄՆ-ում Թուրքիայի շահերը պաշտպանելն այլևս պոպուլյար չէ»

Միևնույն ժամանակ Սաֆրաստյանը փաստում է, որ հայ–թուրքական սյուժեի նկատմամբ որոշակի հետաքրքրություն են դրսևորում ԱՄՆ–ն ու Եվրամիությունը։ Նրանք աշխարհաքաղաքական սեփական պատկերացումներն ունեն, ըստ որոնց` Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների բացումը կուժեղացնի Երևանի արևմտամետ ուղղվածությունը և կբերի Արևմուտքի հետ տնտեսական կապերի աշխուժացման։ Այս հայեցակարգը սատարում էին նաև Թուրքիայի ամերիկամետ խմբերը, որոնք ընդհանուր առմամբ դեմ չէին Հայաստանի հետ հարաբերություններին։ Սակայն, Սաֆրաստյանի խոսքով, Էրդողանի ռեժիմն այսօր այդ խմբերին էլ է վերացրել։

Ավելին, պետք չէ բացառել Հարավային Կովկասի երկրների նկատմամբ թուրքական զավթողական նկրտումների աճը։ Արևելագետի կարծիքով` այն պահին, երբ Մերձավոր Արևելքում Անկարայի համար իրավիճակը փոքր–ինչ կայունանա, նա կարող է փորձել այստեղ ուժեղացնել իր դիրքերը։