Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում 10-ամյա տղային հակի թելով կախված են գտել

Sputnik Արմենիայի հետ զրույցում բուժկենտրոնից նշեցին, որ երեխայի կյանքը հաջողվել է փրկել։ Թե ինչպես է տղան հայտնվել դռան փականից կախված, դեռևս անհայտ է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի — Sputnik. Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում արտակարգ դեպք է տեղի տեղի ունեցել։ 10–ամյա երեխային դռան փականից հակի թելով կախված են գտել։ Այս մասին տեղեկացնում է Shamsyan.com-ը։

Սահմռկեցուցիչ դեպք Երևանում. խեղդամահ են արել 16–ամյա աղջկա. լուսանկարներ

10-ամյա տղան նախօրեին՝ հունվարի 5-ին, անգիտակից վիճակում տեղափոխվել է Վարդենիսի բժշկական կենտրոն։ Երեխայի հետ պատահածի հետքերով մարզի համապատասխան գյուղ մեկնած իրավապահները պարզել են, որ տղայի հետ դժբախտ դեպքը տեղի է ունեցել նույն օրը ժամը 21։30-ի սահմաններում։

Վարդենիսում պապը 13-ամյա թոռանը կախված է գտել. բժիշկները փրկել են նրան

10-ամյա Հ. Ե-ն իր քրոջ՝ 14-ամյա Վ. Ե-ի հետ հակի թելով խաղալիս է եղել։ Որոշ ժամանակ անց Հ. Ե-ի մայրը որդուն տեսել է իրենց տան դռան փականից հակի թելով կախված վիճակում։

Կինն արագ կտրել է թելն ու շտապօգնություն կանչել։

Sputnik Արմենիայի հետ զրույցում Վարդենիսի բուժկենտրոնից նշեցին, որ բժիշկներին հաջողվել է փրկել երեխայի կյանքը։ Նրան երեկ տեղափոխել են մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկը, որտեղ բժիշկները երեխայի առողջական վիճակը գնահատել են կայուն։

Փաստի առթիվ Վարդենիսի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Պարզվում են երեխայի՝ դռան փականից կախված հայտնվելու խորհրդավոր հանգամանքները։