Հարսնացուն Լիբանանից կամ ինչպես Արշալույսը եկավ և մնաց սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուրում

Լիբանանահայ Արշալույսի և տավուշցի Արմենի կոլորիտային, համով-հոտով հարսանիքի հոլովակը համացանցում արագ տարածում գտավ։ Անծանոթ մարդիկ հարազատի պես շնորհավորում էին նորապսակներին։ Sputnik Արմենիան գտել է նրանց ու փորձել պարզել, թե ինչպես Լիբանանից հարսը հասավ Շամշադին։
Sputnik

Այն, որ Բերդի տարածաշրջանին հատուկ արտասանությամբ խոսող աղջիկը լիբանանահայ է, միանգամից գլխի չես ընկնի։ Միայն մի քանի րոպե զրույցից հետո Արշալույսից երբեմն արևմտահայերեն ինչ-որ բառեր կլսես։ Խոստովանում է՝ սկզբում շամշադինցիներն իր լեզուն չէին հասկանում, ինքն էլ` նրանց բարբառը։

Հարսնացուն Լիբանանից կամ ինչպես Արշալույսը եկավ և մնաց սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուրում

«Գլուխս ցավում էր այնքան լարվում էի, որ հասկանամ, թե ինձ ինչ են ասում ու ինքս էլ ջանք էի գործադրում այնպիսի բառեր օգտագործել, որ հասկանալի լինեմ»,- ասում է նա ու ավելացնում, որ հիմա ոչ միայն տիրապետում է տեղական բարբառին, այլև արևմտահայերենն է երբեմն մոռանում։

Լիբանանից հարս է եկել Ներքին Կարմիրաղբյուր. գյուղական կոլորիտով չքնաղ հարսանիք. տեսանյութ

Արշալույս Ամսիհն առաջին անգամ Հայաստան եկավ 2015թ.-ին որպես զբոսաշրջիկ։ Մինչ այդ Հայաստանի մասին պատկերացումները շատ աղոտ էին, միակ բնորոշումն ու ասելիքն այն էր, որ Հայաստանն իրենց հայրենիքն է, բայց թե ինչպիսին է այն, չգիտեր։ Արշալույսը սիրեց Հայաստանն առաջին իսկ այցելությունից ու ինքն իրեն խոստացավ՝ անպայման վերադառնալու է, բայց այս անգամ ավելի երկար ժամանակով։

2016 թ.-ին Արշալույսն ավարտեց համալսարանը Լիբանանում ու, անգամ չսպասելով ավարտական վկայականը ստանալուն, (Լիբանանում բուն վկայականի ստացումը երկար է տևում)՝ բուհից վերցրեց իր կրթությունը հավաստող անհրաժեշտ փաստաթղթերը,  միացավ «Դասավանդիր, Հայաստան» (Teach for Armenia) ծրագրին ու եկավ Հայաստան։

«Ես ընտանիքիս էլ անընդհատ ասում էի՝ Հայաստանն իսկական ապրելու տեղ է, թեպետ այն ժամանակ Հայաստանը չգիտեի. ինձ համար այն Երևանն էր, Խոր Վիրապը՝ զբոսաշրջային այն սիրուն վայրերը, որտեղ եղել էի։ Դեռ պատկերացում չունեի, որ կա Բերդ քաղաք և այլն»,- ժպիտով պատմում է Արշալույսը։

Հարսնացուն Լիբանանից կամ ինչպես Արշալույսը եկավ և մնաց սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուրում

Դիլիջանում կազմակերպված հինգշաբաթյա վերապատրաստման դասընթացներից հետո նա գործուղվեց Տավուշ։ Ինչպես ինքն է ասում՝ «եկավ ծառայության»։

Մեկ տարի Բերդ քաղաքի վարժարանում անգլերեն դասավանդելուց հետո տեղափոխվեց սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղ։ «Կարծում էի, որ ընդամենը մեկ տարով»,- ծիծաղելով ավելացնում է նա։

Երաժշտությունը բարձրացրինք, որ կրակոցները չլսվեն. Կոթիի հարսանիքը` գնդակոծության տակ

Ասում է՝ գիտեր, որ սահմանամերձ գյուղ է գնում, վտանգը կա, բայց այդ վախը չի զգացել այն պահից, երբ գյուղի առօրյայով է սկսել ապրել։ Շատ արագ սովորեց, թե շաբաթվա որ օրերին սահմանի այն կողմից կրակոցների սպասել՝ յուրաքանչյուր հինգշաբթի. գյուղում ասում են՝ հակառակորդի զորավարժությունների օրն է։ «Կրակոցների գրաֆիկից» շեղումներ լինում էին, բայց դրան էլ էր սովորել։

«Սկզբում ընտանիքիս չէի ասել, որ սահմանն այդքան մոտ է, հեռավորությունն անգամ մեկ կմ էլ չի հասնում, որ չանհանգստանան։ Հեռվից ամեն ինչ ավելի վախենալու է թվում, քան իրականում կա։ Ասում էի՝ այնքան լավ, սիրուն ապրելու տեղ է, դուք էլ եկեք»,- պատմում է Արշալույսը։

Առաջին մեկ ամիսն Արշալույսն ապրում էր Բերդում և «մարշուտկայով» ամեն օր գնում աշխատանքի։ Հետո որոշեց՝ գյուղում մնալն ավելի հարմար է։ Երկար փնտրտուքից հետո նրան առաջարկեցին գյուղացիներից մեկի տանը մնալ՝ «որպես տան աղջիկ»։ Ամուսինն ամբողջ օրն աշխատանքի է, ուշ է վերադառնում, ցերեկը տանը միայն կինն է լինում։ Արշալույսը սիրով համաձայնեց՝ այն ժամանակ մտքի ծայրով էլ չանցկացնելով, որ այս քայլն իր ամբողջ կյանքի ընթացքն է փոխելու։ Այդպես նա սկսեց ապրել իր ապագա ամուսնու`Արմենի հորեղբոր տանը։

Հարսնացուն Լիբանանից կամ ինչպես Արշալույսը եկավ և մնաց սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուրում

«Ոնց որ հեքիաթ լինի»,- խոսելով իր ու Արմենի սիրո, հետո էլ ամուսնության մասին՝ ասում է Արշալույսը։

Հիշում է, թե ինչպես ծնողներին հեռախոսով ասաց, որ իր կյանքը փոխվել է, այստեղ հանդիպել է Նրան։

Աղջիկն` օրական, բաժինքը՝ տարեկան, կամ ինչ օժիտ են տարել գյումրեցի աղջիկները

«Մայրիկս ինձ հյուր էր եկել, այդ ժամանակ Արմենենք եկան ինձ «ուզելու» հայկական ավանդույթով՝ «սինիներով»,- պատմում է Արշալույսն ու ավելացնում, թե ինչքան տարբեր են այստեղի ավանդույթները Լիբանանից։ Մեկ տարի անց Արշալույսն ու Արմենն ամուսնացան։ Հարսանիքին պատրաստվելն իսկական բացահայտումներով լի մի գործընթաց էր լիբանանահայ ընտանիքի համար։ Արշալույսն ամեն մանրուքի մասին պատմում է մեծ սիրով, ուրախությամբ։ Առանձնահատուկ երախտագիտությամբ պատմում է նկարահանող թիմի, օպերատոր Անդրանիկ Քեշիշյանի մասին։ Համացանցում իսկական «բում» առաջացրած հոլովակի ռեժիսորական մտահղացումը հենց նրանն էր։

Հարսնացուն Լիբանանից կամ ինչպես Արշալույսը եկավ և մնաց սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուրում

«Դե փեսան պիտի գա հարսին իր տնից «տանելու»։ Մենք էլ որոշեցինք, որ ինձ դպրոցից տանեն։ Այնքան սիրուն էր ամեն ինչ։ Իմ քողն էլ մեր տարիքով ուսուցիչներից մեկը դրեց գլխիս։ Հետո աշակերտներս ցույց արեցին՝ «Արմեն, հեռացիր, միսս Արշոյին մոռացիր» կարգախոսով։ Չէի էլ պատկերացնում, որ ամեն ինչ այդքան լավ է անցնելու, բոլորը մեզ օգնում էին»,- պատմում է Արշալույսն ու ավելացնում, որ միշտ երազել է՝ հայրիկի հետ եկեղեցի մտնել, որտեղ խորանի մոտ իրեն փեսան կսպասի։ Բայց Հայաստանում այդպես չէ, եկեղեցի ես մտնում հենց փեսացուի հետ։ Աղջկական պատկերացումներից այս մեկը չեղավ, բայց դա որևէ կերպ Արշալույսի ու Արմենի «հեքիաթի» վրա չազդեց։

Հայ տղան «ԱԱԾ»-ի օգնությամբ ամուսնության առաջարկ է արել սիրեցյալին. տեսանյութ

Պսակադրությունը Վարագավանքում անցկացվեց, որն Արմենենց համար շատ հարազատ է, փոքրուց հայրն իրենց այդտեղ է տարել, ինչպես ընդունված էր, մատաղ են արել և այլն։

Հարսնացուն Լիբանանից կամ ինչպես Արշալույսը եկավ և մնաց սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուրում

Պսակադրության արարողությունն էլ անցկացրեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազան Գալստանյանը, նրա հետ էր նաև Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը։

Հայերն ու օսերը` մեկ հարսանիքում. այլազգի հարսը հայկական պար է ներկայացնում. տեսանյութ

Արշալույսն ասում է, որ հայաստանյան և լիբանանահայ ընտանիքներում դրվածքն էլ է ուրիշ. այստեղ ընդունված է ապրել մեծ ընտանիքով՝ սկեսուր, սկեսրայր, տատիկ և այլն։ Իրեն ընտանեկան այս ջերմությունն ու կապվածությունը շատ է դուր գալիս։ Մեծերի ներկայությունն ընտանիքում շատ բան է փոխում։

Հարսնացուն Լիբանանից կամ ինչպես Արշալույսը եկավ և մնաց սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուրում

«Ուշիմ աշակերտ եմ»,- ինքն իր մասին կատակելով ասում է Արշալույսն ու պատմում, որ տնեցիների, հարևանների, ընկերների շնորհիվ արդեն սովորել է  հայկական տարբեր ճաշատեսակներ պատրաստել, լոլիկի թթու դնել, դրա կողքին նաև լիբանանյան խոհանոցի համն ու հոտն է տավուշցիների ընտանիք բերել։

Հարսանիք Հյուսիսային պողոտայում՝ ամանորյա երգերի և Ձմեռ պապերի ուղեկցությամբ. տեսանյութ

Այս պահին Արշալույսն ու Արմենը Մոսկվայում են. Արմենն այստեղ արտագնա աշխատանքի է։ Թե ինչքան դեռ կմնան, չգիտեն, բայց հաստատ գիտեն, որ ժամանակավոր է. իրենք Հայաստան են վերադառնալու։

«Ընտանիքս՝ ծնողներս, քույրերս Լիբանանում են. իրենց էլ եմ ասում, որ երբ մենք վերադառնանք, դուք էլ եկեք, միասին ապրենք։ Հայաստանն ապրելու տեղ է»։

Հիմա տարբեր ծրագրեր, բիզնես-գաղափարներ են մշակում, որպեսզի հարազատ Շամշադինում իրենց գործը ստեղծեն։

Նոր տարին Մոսկվայում են դիմավորել, բայց հայկական ավանդույթներով։ Մեր զրույցի ժամանակ Ամանորի «բլինչիկներն» արդեն պատրաստ էին, գաթայի խմորն էլ՝ հունցած։ Ամանորին Արշալույսը ցանկանում է, որ  բոլոր լավ մտքերն ու գաղափարներն իրականություն դառնան, Հայաստանում ամեն բան այնքան լավ լինի, որ իրենք կարողանան շուտ վերադառնալ։