ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի-Sputnik. Գերմանական Կրեֆելդ քաղաքի կենդանաբանական այգում խոշոր հրդեհ է բռնկվել, որի հետևանքով ողջ–ողջ այրվել են 5 օրանգուտանգ, 2 գորիլլա և 1 շիմպանզե կապիկներ։ Այս մասին հաղորդում է Ռիա Նովոստին` հղում անելով տեղի ոստիկանության տարածած տեղեկատվությանը։
Ըստ հաղորդագրության` հրդեհի պատճառը 3 բնակչուհիների բաց թողած չինական թղթե լապտերներն են եղել։ Պարզվել է, որ Կրեֆելդի 60-ամյա բնակչուհին և նրա երկու դուստրերը դեկտեմբերի 31-ի գիշերը չինական թղթե լապտերներ են երկինք բաց թողել։ Դրանք վեր են բարձրանում վառվող բաց պատրույգի միջոցով ներթափանցող տաք օդի շնորհիվ։
Ոստիկանների խոսքով` կանայք պարզապես վառել են «երազանքների նամակներով» լապտերներն ու բաց թողել, նրանք չեն իմացել, թե ինչ կարող է լինել։ Արդյունքում իրենց կամքից անկախ մեղավոր դարձած կանայք անձամբ ներկայացել են ոստիկանություն և խոստովանել կատարվածը։
Կենդանաբանական այգին փակ է մինչև ուրբաթ։ Այգու ներկայացուցիչները նշում են, որ պատճառված վնասի չափն անհնար է հաշվել։
Նախընտրելի հանգստավայրեր` Ամանորը դիմավորելու համար. որ ուղղություններն են պահանջված