ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի — Sputnik. Աստծո օրհնությամբ և ազգի հավաքական ներուժով Նոր տարում էլ շարունակվելու է պայքարը Արցախի Հանրապետության մեր հայրենակիցների ազատ և խաղաղ ապրելու իրավունքի ամրապնդման համար։ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այս մասին ասել է իր ամանորյա շնորհավորական ուղերձում, որը տեղադրված է երրորդ նախագահի Facebook սոցիալական ցանցի պաշտոնական էջում։
«Ինչպիսին էլ լինեն մեր հայացքները անցնող տարվա ձեռքբերումների ու կորուստների վերաբերյալ, որքան էլ մեզնից յուրաքանչյուրն իր տեսանկյունն ունենա տարին հաջող կամ հակառակը` կորսված հնարավորությունների, դժվարությունների ու փորձությունների ժամանակահատված համարելու, միևնույն է, բոլորս տարակարծություններով հանդերձ՝ ունենք մեկ ընդհանուր ցանկություն` տեսնել մեր պետությունը հզոր, խաղաղ և բարեկեցիկ, մեր ժողովրդին՝ երջանիկ»,–իր ուղերձում ասել է նա։
Նրա խոսքով` այդ ընդհանուր ցանկությունը մեզ պետք է մղի համախմբելու ջանքերը, գործելու միասնաբար, գիտակցելու, որ բազում վտանգներով ու մարտահրավերներով լի աշխարհում որպես ազգ և պետություն հարատևելու, մեր հազարամյա ընթացքը անխաթար շարունակելու և զարգանալու միակ հնարավորությունը երկիրը ներսից չթուլացնելն է: Սարգսյանը նշում է` գալիք տարում որքան հնարավոր է՝ լինե՛նք լայնախոհ, շրջահայաց և իրատես:
Նա, մաղթում է, որ 2020–ին յուրաքանչյուրի տանը միշտ երջանկության, հոգատարության և փոխըմբռնման մթնոլորտ տիրի, անառիկ լինեն Հայաստանի և Արցախի սահմանները։
Սերժ Սարգսյանն այցելել է Եռաբլուր պանթեոն
«Մեր պետության հիմքը ընտանիքն է, որտեղ պահպանվում և սերնդեսերունդ փոխանցվում են ազգային ավանդույթները, այդ թվում՝ հարգանքն ու պատկառանքը մեծերի և հոգատարությունը փոքրերի նկատմամբ: Օտարածին, կեղծ բարքերն ու սովորույթները չեն կարող խարխլել մեր ազգային արժեհամակարգը, վտանգել մեր ազգային ինքնությունն ու անվտանգությունը»,–նշել է Սարգսյանը:
ՀՀԿ–ն քեֆ է անում. Սերժ Սարգսյանը շնորհավորանքներ է ընդունում երիտասարդներից. տեսանյութեր
Սարգսյանն իր ուղերձն ամփոփել է` ասելով, որ թող Աստված պահապան լինի մեր երկրին, հայրենիքի մեր քաջարի պաշտպաններին և մեր ողջ ժողովրդին: