Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը 2019 թվականի ամենամեծ ձեռքբերումը համարում է հաջորդ տարիների համակարգված ծրագրի ստեղծումը, իսկ բացթողումը` մի փոքր դանդաղկոտությունը։ Այս մասին նա ասաց Sputnik Արմենիայի հետ զրույցում։
Սինանյանը իր նշանակումից հետո հասցրել է այցելել մի քանի երկրներ, ծանոթանալ համայնքների խնդիրներին ու եկել է այն եզրակացության, որ դրանց լուծումը Հայաստանում է։ Ըստ նրա` պետք է գտնել այն ձևաչափը, որով Հայաստանը կօգնի սփյուռքին և հակառակը։ Նա նաև կարևոր է համարում հեշտացնել հայրենադարձության գործընթացը թղթաբանության ու օրենսդրության տեսանկյունից։
«Մենք պետք է կենտրոնանաք էկոհամակարգի վրա, որ մարդիկ գան և ուզեն մնալ։ Հայրենադարձվում են տարբեր երկրներից։ Գալիս են ընտանիքների հետ և մենակ։ Գալիս են մարդիկ, որոնք ապահովված են ու ցանկանում են բիզնես հիմնել», - նշեց նա։
Հանձնակատարը հավելեց, որ դատական աղմկահարույց գործերն ու ԱԱԾ–ի գործողությունները բացասաբար չեն անդրադառնում հայրենադարձության տեմպերի վրա։ Ավելին` ունեն դրական ազդեցություն։ Ու սփյուռքում պահանջում են պատիժ` ոճրի դեպքում։ Ըստ նրա` խնդիրն այն է, թե ինչու են քիչ մարդկանց դատում։
Ներդրումային գործընթացը, ըստ Սինանյանի, դեռ բավարար տեմպեր չունի, քանի որ սփյուռքի գործարարները սպասողական վիճակում են, ուզում են հասկանալ` քաղաքական փոփոխությունները վերջնակա՞ն են, կոռուպցիան հաղթահարվա՞ծ է, վիճակն իսկապես կայո՞ւն է։ Բացի դրանից, կա բյուրոկրատական քաշքշուկ, որը իշխանություններն ուզում են վերացնել ու զբաղվում են ռեֆորմների մշակմամբ։
Սինանյանի խոսքով` սեպտեմբերին տեղի կունենա Հայաստան–սփյուռք համաժողով, որի հիմնական հարցերից կլինի նաև սփյուռքի մասնակցությունը հայաստանյան գործընթացներին։ Նա նաև տեղեկացրեց, որ ծրագրում է այցելել մի շարք համայնքներ, այդ թվում` Սիրիա, Լիբանան ու Թուրքիա։ Ավելի մանրամասն` տեսանյութում։
Հիշեցնենք` սփյուռքի գործերի հանձնակատարի պաշտոնը ստեղծվել է Հայաստանի կառավարության կառուցվածքի փոփոխության արդյունքում` սփյուռքի նախարարության լուծարումից հետո։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` այս տարվա հունիսի 14–ին այդ պաշտոնում նշանակվեց Գլենդելի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանը։