Քաղաքապետը կրկին պարգևատրել է աշխատակիցներին. ծախսվել է ավելի քան 65 մլն դրամ

Ամենաբարձր պարգևավճարները ստացել են քաղաքապետի չորս տեղակալները, քաղաքի գլխավոր ճարտարապետը, աշխատակազմի քարտուղարը և ոչ միայն նրանք։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի — Sputnik. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի 2019 թվականի դեկտեմբերի 19-ի հ.1095-Ա կարգադրությամբ Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակիցները կրկին պարգևատրվել են, այս անգամ պարգևատրման ֆոնդը կազմել է ավելի քան 65 միլիոն դրամ։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից։

ԱԺ պատգամավորներն ու աշխատողները 10 ամսում 14 անգամ մեծ պարգևավճար են ստացել. «Հրապարակ»

Մարությանը պարգևատրվել է քաղաքապետարանի 120 աշխատակցի․ քաղաքապետի չորս տեղակալները՝ Հրաչյա Սարգսյանը, Հայկ Սարգսյանը, Սերգեյ Հարությունյանը, Տիգրան Վիրաբյանը, գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, աշխատակազմի քարտուղար Վահե Խաչատրյանը, քաղաքապետի երկու խորհրդականները, մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը, վարչության պետերը պարգևատրվել են յուրաքանչյուրը 840 000-ական դրամով։

Վարչության պետի տեղակալ Անդրանիկ Մուրադյանին տրվել է 759 հազար դրամ պարգևավճար: Քաղաքապետի օգնական Կարեն Հարությունյանը պարգևատրվել է 600 հազար դրամով: Պարգևատրվել են նաև վարչության պետերի տեղակալները, գլխավոր ճարտարապետի օգնականը և այլ անձինք:

Փաշինյանի աշխատակազմը «կասկածելի» փողեր չի տրամադրի ՀԿ–ներին. Աղաջանյան

Պարգևատրման ընդհանուր ֆոնդը կազմել է 65,429, 428 դրամ։

Հավելենք, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը բազմիցս նշել է, որ արդյունավետ աշխատանքի համար քաղաքապետարանի աշխատակիցները պետք է բարձր եկամուտներ ունենան, իսկ այն պաշտոնյաները, որոնց աշխատանքն առավել մեծ պատասխանատվություն է ենթադրում, պիտի ընդհանրապես ավելի բարձր վարձատրություն ստանան:

Մարզպետները շատ են աշխատել, իրենց պարգևատրել են, իսկ դուք օբյեկտիվ չեք. Աղաջանյան

Հիշեցնենք, որ հուլիս ամսին Երևանի քաղաքապետի կարգադրությամբ 117 աշխատակից պարգևատրվել էր ընդհանուր 56,319,500 ՀՀ դրամի չափով։

Նշենք, որ նախորդ անգամ էլ պարգևատրումների ցանկում քաղաքապետ Հայկ Մարությանի անունը չկար: Ամենաբարձր պարգևավճարներ ստացել էին քաղաքապետի չորս տեղակալները, քաղաքի գլխավոր ճարտարապետն ու աշխատակազմի քարտուղարը, յուրաքանչյուրը` 965.000 դրամ: Ցանկում նրանց հաջորդող բարձր պարգևավճար ստացած պաշտոնյան քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանն էր՝ 840.000 ՀՀ դրամի չափով: Նույնքան պարգևավճար էին ստացել նաև Երևանի 12 վարչական շրջանների ղեկավարները: