ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Ամեն ինչ շատ պարզ է․ Հարութը հիանալի մասնագետ է։ Նա բազում գիտելիքներ է ստացել նորաձևության և դիզայնի ոլորտի հայտնի ինստիտուտներում՝ Central Saint Martins, Instituto Marangoni, Academia Italiana, Scuola Politecnica di Design։ Նա հմտությունները հղկել է Dsquared2 և Maison IRFE նորաձևության տներում։ Համագործակցել է Ռուսաստանում Walk of Shame-ի և Ալեքսանդր Հարությունովի հետ։
Ի՞նչ է ARUT MSCW-ն
«Հայ», «Հրեա», «Ստաս», «Բուտովո»։ Այս հանդուգն գրությունները տեղ են գտել Առուստամյանի հավաքածուներում, և դրանցից յուրաքանչյուրի հետևում գաղտնի ուղերձներ են թաքնված ՝ կապված դիզայների կյանքի դրվագների հետ։ Այս հանդգնությունը ARUT MSCW-ի ակնհայտ հատկանիշն է, որն իր գոյության երեք տարիների ընթացքում շատ հայտնի է դարձել Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում, ինչպես նաև Եվրոպայում և հյուսիսամերիկյան մեգապոլիսներում։
Ինչպե՞ս է դա հաջողվել։ Ինչպե՞ս է ստացվել, որ հավաքածուները, որոնցում գերիշխում են փայլը, կաշին ու լատեքսը, գրավել են ընդհանուր շուկան։ Ինչի՞ց է, որ ապրանքանիշը, որի ոգին Հարութը «փաթեթավորում» է մայրաքաղաքային երեկույթների շքեղության մեջ, այդքան պահանջված է։
Իսկ ո՞վ է Հարութը։
«Առաջին հերթին ես հայ եմ, և դա շատ կարևոր է», - ասում է նա Sputnik–ին։
Եվ դա բացարձակ ճշմարտություն է․ Առուստամյանի տոհմածառի արմատները ձգվում են մինչև Արցախ։ Զարմանահրաշ վայր է։ Արգասաբեր։ Չես կարող վիճել։ Եվս մի ոչ պակաս հայտնի փաստ․ տաղանդներն այնտեղ մեր օրերում երկար չեն մնում։ Ափսոս, Հարութը նույնպես չի մնացել, նրան տեղափոխել են խնդրահարույց գոտուց հեռու, երբ փոքր է եղել։
Առուստամյանները Ռուսաստան են տեղափոխվել 1990-ականներին։ Փոքրիկ Հարութը դարձել է մոսկվացի, սովորել նոր միջավայրին․ «Այո, ես մեծացել եմ Մոսկվայում, ուստի իմ արժեքները ռուսական են։ Ընդհանրապես ARUT MSCW-ն ես ու Մոսկվան ենք, դա այն է՝ ինչպես եմ ես ընկալում այս քաղաքի իրողությունը»։
Մոսկվացի դիզայների «հայկական շիկը», կամ Երևանի սրտում ցուցադրության երազանքով
Հարութին կարելի է հասկանալ․ ըստ էության, նրա հետ սովորական պատմություն է եղել։ Առուստամյանն ակնհայտորեն զգում է իր կապը Հայաստանի հետ՝ երկրին սեր խոստովանելով յուրաքանչյուր հարցազրույցում, ցուցադրություն կազմակերպելով Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը, ուրախանալով հայրենի երկրից ստացած ավետիսներով։ Սպասում ենք քեզ, Հարութ։