«Ա՜յ հեղափոխություն եմ ասել, կլիման էլ փոխվեց». ինչպիսի եղանակ է սպասվում հունվարին

Հայաստանում օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա։ Հունվարին ևս կդիտվի նորմայից բարձր ջերմաստիճան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի — Sputnik. Հանրապետության ողջ տարածքում սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում։ Այսպիսին կլինի նաև հունվար ամիսը։ Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության պետ Գագիկ Սուրենյանը։

«Հունվար ամիսը նույնպես հանրապետության տարածքում կանխատեսվում է տաք։ Ամսական միջին ջերմաստիճանը բոլոր մարզերում կլիմայական նորմայից բարձր կլինի 3-4 աստիճանով, տեղումների քանակը կլինի նորմայի սահմաններում։ Ամանորին հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ և բարձր ջերմային ֆոն»,–գրել է նա։

Նրա գրառմանը հաջորդել են մեկնաբանությունները։

«Հիմա ուրախացեք, որ հետո ասեք խի ա ծիրանը թանկ։ Այս տարի էլ ծիրանին կակա կասեք», «Եկեք հավաքվենք ցույց անենք, որ Ամանորի գիշերը ձյուն գա»,«Ա՜յ հեղափոխություն եմ ասել... կլիման էլ փոխվեց»,–գրել են էջի հետևորդները։

Հիշեցնենք, որ եղանակային անոմալիաների հետ կապված Sputnik Արմենիան զրուցել էր գյուղատնտեսության նախարարի նախկին տեղակալ Գառնիկ Պետրոսյանի հետ։

Տարին կփակենք ձյան շերտով. եղանակի տեսություն

Նրա խոսքով` շատ կարևոր է, որ հանրապետությունում բացասական ջերմաստիճաններ գրանցվեն հատկապես հունվար–փետրվար ամիսներին, որպեսզի ակտիվ կենսական պրոցեսները պտղատու ծառերի և խաղողի վազերի մոտ դանդաղ ընթանան, որ վաղ ծաղկում կամ բողբոջելու երևույթներ տեղի չունենան։

Հակառակ դեպքում բացասական հետևանքներն անխուսափելի կլինեն, և գյուղատնտեսությունը լուրջ վնասներ կկրի։