Ինչ անել ուրիշի խախտման պատճառով վարորդական իրավունքից չզրկվելու համար. տեսանյութ

ՀՀ ոստիկանությունը տեսանյութ է տարածել, որտեղ պարզաբանել է հունվարի 1-ից ուժի մեջ մտնող նոր օրենքի որոշ դրույթներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի — Sputnik. 2020թ.–ի հունվարի 1-ից խախտում կատարած վարորդները ոչ միայն կտուգանվեն, այլև բալեր կկորցնեն։ Այս առիթով ՀՀ ոստիկանությունը նոր կարգի որոշ մանրամասներ պարզաբանող տեսանյութ է հրապարակել։

Վարորդները 2020թ–ի հունվարի 1-ից կսկսեն տուգանվել բալային նոր համակարգով

Պարզվում է` եթե ավտոմեքենան վարում է ոչ սեփականատերը, հետագա խնդիրներից խուսափելու ու վարորդական իրավունքից ուրիշի պատճառով չզրկվելու համար, նա նախապես պետք է առցանց համակարգով հայտնի, թե ով է իր ավտոմեքենան շահագործող վարորդը։

Ոստիկանության տեսանյութը քայլ առ քայլ ներկայացնում է roadpolice.am կայքում գրանցում կատարելու կարգը։

««Շահագործում» բաժնում քաղաքացին կարող է տեսնել, թե ինչ ավտոմեքենայի է կցված որպես վարորդ, իսկ «խախտումներ» բաժնում կարող է տեսնել, թե ինչ խախտումներ է թույլ տվել»,– պարզաբանվում է տեսանյութում։

Հիշեցնենք` հունվարի 1-ից ուժի մեջ մտնող նոր իրավակարգավորումներով`յուրաքանչյուր վարորդի ամեն տարվա համար տրվելու է 9 միավոր։ Յուրաքանչյուր խախտման համար այդ միավորները նվազելու են 0.5-4 միավորի չափով` կախված խախտման տեսակից ու ծանրությունից։

Տուգանքների նոր համակարգ ՃՈ–ից. ի՞նչ պետք է իմանան վարորդները

Եթե մեկ տարվա ընթացքում վարորդին տրված 9 միավորը սպառվի, նա 6 ամսով զրկվելու է վարորդական իրավունքից։ 6 ամիսը լրանալուց հետո վարորդական իրավունքը վերականգնվելու է և դարձյալ տրվելու է 9 միավոր։ Երկրորդ 9 միավորը մեկ տարվա ընթացքում սպառելու դեպքում, վարորդը վարորդական իրավունքից զրկվելու է արդեն 1 տարի ժամկետով, և վարորդական իրավունքը վերականգնվելու է միայն քննություն հանձնելուց հետո։

Ընդ որում, վարորդական իրավունքից ժամանակավորապես զրկված վարորդներին իրավունք է տրվելու մինչև ժամկետի լրանալը տեսական քննություն հանձնել ու ավելի շուտ վերականգնել կորցրած իրավունքը։

Միաժամանակ, նոր օրինագծերով նվազելու են տուգանքների չափերը։

Երևանի կենտրոնում տարեց տղամարդուն ծեծած վարորդին «փռել են ասֆալտին». տեսանյութ

Օրինակ` անսթափ վիճակում ավտոմեքենան վարելու համար գործող 150 000 տուգանքի փոխարեն կիրառվելու է 29 000 դրամ տուգանք, փոխարենը` անսթափ վարորդի բալերից հանվելու է միանգամից 4–ը։ Իսկ մեկ տարվա ընթացքում խախտումը կրկնելու դեպքում վարորդը 6 ամսով զրկվելու է վարորդական իրավունքից։

Իսկ եթե անսթափ վարորդը հանրային տրանսպորտի կամ տաքսու վարորդ է, նա վարորդական իրավունքից 6 ամսով կզրկվի հենց առաջին խախտման դեպքում։

Հայկական վարորդական վկայականների հարցը Ռուսաստանում մոռացության չի մատնվել. Կոսաչյով

Միավորների հաշվարկը համապատասխանեցվել է այսօր գործող տուգանքների չափերին։

Այսպես, 5000 դրամ տուգանք նախատեսող խախտումները հաշվարկվելու են 1 միավորի չափով, 20-25 000 դրամանոց խախտումները` 2 բալ։ 3 բալանոց խախտումները երկուսն են` ավտոմեքենայի հաշվառման համարանիշն այլ անձի հանձնելը և սահմանված արագությունը 31-50 կմ/ժ–ով գերազանցելը, որի համար գործող օրենքով նախատեսված է 100 000 դրամ տուգանք։ Իսկ 4 միավոր հանվելու է սահմանված արագությունը 51-80 կմ/ժ–ով գերազանցելու և անսթափ վիճակում ավտոմեքենա վարելու համար։