Հրայր Թովմասյանին կալանավորելու միջնորդություն կներկայացնեն. «Հրապարակ»

Թերթը գրում է, որ իշխանությունն ուզում է մեկուսացնել Թովմասյանին` ՍԴ մյուս դատավորների վրա ճնշումներ բանեցնելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի Սահմանադրական դատարանի մոտ տված հարցազրույցից անմիջապես հետո Հրայր Թովմասյանին ծանուցագիր են տվել երկուշաբթի ՀՔԾ ներկայանալու մասին։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։

Թովմասյանի անձեռնմխելիության հարց կա՞ր. պարզաբանում է դատախազությունը

Պարբերականի՝ իրավապահ համակարգի աղբյուրի համաձայն` այդ օրը նախատեսվում է փոխել Թովմասյանին առաջադրված մեղադրանքը և դատարան ներկայացնել նրան կալանավորելու միջնորդությունը։

«Իշխանությունները համոզված են, որ կալանավորելով և փաստացի մեկուսացնելով Թովմասյանին՝ կկարողանան ճնշումներ բանեցնել ՍԴ մյուս դատավորների վրա՝ ստիպելով նրանց ներկայացնել հրաժարականի դիմումներ։ Սակայն կա մտավախություն, որ դատավորների մեծ մասը կմերժի Թովմասյանին կալանավորելու միջնորդությունը՝ հիմքում դնելով անձեռնմխելիության դրույթի խախտումը կամ հիմնավոր կասկածի բացակայությունը»,– գրում է թերթը։

«Հրապարակի» աղբյուրի փոխանցմամբ՝ իշխանությունը Երևան քաղաքի դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանին հանձնարարել է համապատասխան միջնորդությունն այնպես մուտք անել գործերի բաշխման համակարգ, որ այն մակագրվի առավել վստահելի դատավորներից մեկին։ Նրանք 4-ն են՝ Մնացական Մարտիրոսյան, Կարեն Ֆարխոյան, Մարինե Մելքոնյան, Վահագն Մելիքյան։ Չի բացառվում նաև, որ Թովմասյանի կալանքի միջնորդությունը քննի անձամբ դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը:

Հիշեցնենք, որ Թովմասյանը հարցազրույց էր տվել երեկ։ Հենց երեկ էլ հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ` Թովմասյանը 2 դրվագով առերևույթ պաշտոնեական լիազորությունների չարաշահում կատարելու համար քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ։ 

Առանց ՍԴ–ի ակտի Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրելը հանցագործություն է. Հարությունյան