Երեք տարի առաջ այդ թերթը հիմնել էր Լևոն Արոնյանի կինը՝ ֆիլիպինցի Արիանա Կաոիլին։ Գաղափարը, իհարկե, նոր չէր։
«Մետրո» անվճար թերթի գաղափարը հղացել է շվեդական մի լրատվական կազմակերպություն գրեթե 25 տարի առաջ։ Հիմա այդ «Մետրոն» լույս է տեսնում 15 լեզուներով և հրատարակվում է մոտ 20 երկրներում: Ու հավատացեք` շատ են կարդում:
էսպիսի վիճակագրություն կա՝ Եվրոպայում թերթ ընթերցողների ավելի քան 20 տոկոսը այդ անվճար թերթերն է կարդում: Իսկ մեզ մոտ «Մետրոյի» նմանակը՝ «Ճամփորդը», վերացավ և նույնիսկ չնկատեցինք, թե երբ, ինչպես և ինչու վերացավ։ Որովհետև այլևս թերթ չենք կարդում։
Տասը անգամ կարող ես գրել, որ, օրինակ, Երևանի Կամերային երաժշտության տան գողտրիկ պուրակը ուղղակի ավտոկայան են դարձրել, մայրը մանկական սայլակով այլևս չի կարողում անցնել՝ այնպես են կանգնած ջիփերը: Կատարյալ զրո՝ թքած ունեն թե՛ քաղաքապետարանը, թե՛ թաղապետարանը, թե Ճանապարհային ոստիկանությունը:
Իսկ այն ժամանակ՝ ասենք, 70-ականներին բավական էր «Սովետական Հայաստան» թերթը մի քննադատական հոդված գրեր Համզաչիմանի կոլխոզի նախագահի մասին` վերջ, բոլորը գիտեին՝ առնվազն պաշտոնից հանելու են, կուսակցությունից էլ հեռացնելու: Եթե չնստեցնեն՝ ուրեմն լավ պրծավ:
Ինչու եմ այնուամենայնիվ կասկածում, որ Հայաստանում երբևէ կվերականգնվի թերթ ընթերցելու մշակույթը: Ցավոք՝ ողջ աշխարհում է այդպես՝ մարդիկ սկսել են թերթ չկարդալ: Երբվանի՞ց: 2005 թվականից:
Թերթ կարդալու գագաթնակետը մոտ 15 տարի առաջ էր, հետո ամեն ինչ սկսեց գահավիժել:
Այժմ ամեն տարի աշխարհի բոլոր թերթերի տպաքանակները նվազում են միջինը 2 տոկոսով: Թվում, թե 2 տոկոսը այնքան էլ սարսափելի թիվ չէ՞:
Բայց հաշվեք՝ եթե 2005-ից ի վեր ամեն տարի երկու տոկոսանոց անկում կա, ուրեմն 50 տարի անց աշխարհում այլևս լույս չի տեսնի ոչ մի թերթ: Գլխավոր պատճառը ինտերնետի զանգվածային տարածումն է:
Թույլ տվեք վերջում մի երկու խոսք էլ մեր` լրագրողներիս մասին: Այս նախատոնական օրերին տարբեր ղեկավարներ մեզ տարբեր տեղեր են հրավիրում ու լավ-լավ բաներ ասում, բայց սովորաբար մեզ հայհոյում են: Ամեն տեղ՝ խոհանոցում, սոցիալական ցանցերում, խորհրդարանում: Բայց նաև հիշում եմ, որ մի քանի տարի առաջ Ազգային ժողովի ամբիոնից մեր մասին բարի խոսքեր հնչեցին: Քանզի նման բան 1000 տարին մեկ է պատահում, կներեք, չեմ կարող չմեջբերել այն ժամանակվա պատգամավոր Թևան Պողոսյանին.
«Լրագրողը նման է բժշկի: Մարդուս առողջական խնդիրներն ախտորոշելու, ախտերը բուժելու համար բժիշկը հաճախ ցավ է պատճառում: Դա անհրաժեշտ է և արվում է ավելի մեծ ցավը կանխելու, վերացնելու համար: Լրագրողների հարցերը շատ հաճախ բժշկի ասեղի ծակոցին են նման: Սակայն համաձայնեք, որ առանց դրանց հնարավոր չէ ախտորոշել հասարակության խնդիրները: Հարգանքով վերաբերվենք լրագրողներին»։