Խանջյանի մահվան մութ պատմությունն ու Բերիան. ի՞նչ կապ ուներ 16–ամյա հայ տղան այդ ամենի հետ

Հայաստանի Կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջյանը դարձել է ստալինյան ռեժիմի զոհ։ Նրա հետ միասին տուժել են շատերը, այդ թվում` երևանցի մի տղա, որը դեռ 16 տարեկան չկար։ Այդ մասին քչերն են իմացել։
Sputnik

Այսօր քչերը գիտեն Խանջյանի մասին։ Գիտեն հիմնականում փողոցով, որին վերանվանումների թոհուբոհի մեջ, չգիտես ինչու, ձեռք չեն տվել։ Տարօրինակ է...

Հավանաբար բանն այն է, որ Աղասի Խանջյանին Հայաստանում շատ են սիրել, իսկ եթե այդպես է, ապա ի՞նչ երաշխիք կա, որ վաղն ավելի շատ չէին սիրելու, քան Ստալինին։ Մի խոսքով՝ Խանջյանի ճակատագիրը կանխորոշված էր։ Այն մասին, թե ինչպես են հաշվեհարդար տեսել նրա հետ` ստորև, իսկ առայժմ` երևանցի տղայի մասին։ Ցավոք, անանուն։ Մեզ հաջողվել է իմանալ նրա մասին միայն Կոլիմայի բանտում երկար տարիներ նստած քաղբանտարկյալ Վառլամ Շալամովի խոսքերից։

Ստալին. «Ինչ գնով էլ լինի, պետք է փրկել Հայաստանը»

 «Մեր բրիգադում գործիքներ բերողը մի տղա էր՝ երևանցի 16-ամյա դպրոցական, որին մեղադրել էին Խանջյանի դեմ մահափորձի մեջ։ Տղային դատապարտել էին 20 տարվա ազատազրկման, բայց նա շուտով մահացավ՝ չդիմանալով Կոլիմայի խստաշունչ ձմռանը,-հիշում է Շալամովը, այնուհետև անկեղծորեն խոստովանում,–Ես շատ էի ուզում թեկուզ մեկ օրով դառնալ գործիք բաժանող, բայց ես հասկանում էի, որ սառած մատները կեղտոտ ձեռնոցների մեջ թաքցրած, քաղցած փայլն աչքերում դպրոցականն ավելի լավ թեկնածու է, քան ես։ Ինձ մնում էր միայն ձեռնասայլակը։ Ես պետք է կարողանայի թե՛ բրիչով քանդել, թե՛ բահով փորել, բայց ոսկու հանքում ես նախընտրում էի սայլակը»։

«Վեց օրական էի, երբ մեզ աքսորեցին». հայերը հիշում են բռնաճնշումները

Պարզ է, որ Կոլիմայի անողոք ցրտին գործիքներ բաժանելն ավելի հեշտ էր, քան սայլակ քշելը կամ հողը փորելը, բայց դուք միայն պատկերացրեք` տղան այնպիսի վայրից է, որտեղ խաղող է աճում, ծիրանենի, դեղձենի ծաղկում, որտեղ տարվա մեծ մասը տաք է, հաճախ՝ շոգ, որտեղ ձմռանը սպասում են, և ուրախանում են ձյուն տեսնելիս։ Նման տղային չորս կողմից միջանցիկ քամիներ փչող ապրանքատար վագոնով, կիսաքաղց բերում են Կոլիմա և, ըստ էության, վերածում ստրուկի։ Ինչի՞ համար։ Կենտկոմի առաջին քարտուղարի դեմ մահափորձ նախապատրաստելու։

Ինչո՞ւ պետք է պատանին ծառից թութ քաղելու և Զանգուի մաքուր ջրերում լողալու փոխարեն որոշեր սպանել մի մարդու, որին Հայաստանում բոլորն էին սիրում` գիտեին միայն Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատում։ Ընդհանրապես, այնտեղ շատ բան գիտեին, ինչ չգիտենք մենք։ Նույնիսկ այսօր։

«Տարիներ անց ես թերթերից իմացա ճշմարտությունը Խանջյանի սպանության մասին։ Պարզվում է, որ Բերիան իր ձեռքով սպանել է Խանջյանին իր աշխատասենյակում։ Այդ գործը՝ Կոլիմայում դպրոցականի մահը, չեմ մոռացել»,-հիշում է Շալամովը։

Այդ վարկածը հաստատում են Անդրկովկասյան երկրամասային կոմիտեի մեքենագրական բաժնի վարիչ Սուսաննա Իլյիչի Սաֆարովայի (Շուշանիկ Եղիշեի Սաֆարյան) հիշողությունները։

 «Բերիայի աշխատասենյակից ճոճվելով միջանցք ընկավ Մոսկվայից եկած ստուգողը։ «Ի՞նչ է, Լավրենտին է նախատե՞լ», - անցավ մտքովս։ Ես մոտեցա Բերիայի սենյակի դռանը։ Թեթևակի թակեցի։ Պատասխան չլսելով՝ հրեցի դուռը և քարացա․ Լավրենտին, կքանստած, գորգի վրա պառկած սպիտակ վերնաշապիկով մարդու մոտից վերցնում էր ատրճանակը։

Վեհության փշուրները. Աղասի Խանջյանի ամառանոցի պատմությունը

Ցնցվելով` արագ փակեցի դուռը և հետ գնալով` դուրս եկա ընդունարան։ Եվ հանկարծ սուր ճիչ լսեցի․ «Բժի՜շկ։ Արա՛գ։ Աղասին ինքնասպան է եղել»։ Ես շրջվեցի և տեսա, որ Բերիան է գալիս՝ ձեռքերում պահած Խանջյանին։

Աչքս ընկավ Աղասիի կրծքի վրա դրված ատրճանակը։ Ճիչերը լսելով՝ ներս վազեցին Բերիայի և Խանջյանի թիկնապահները։ Խանջյանն արդեն չէր շնչում... Շփոթված Լավրենտիի վազող աչքերը մատնում էին հոգում տիրող խուճապը։ Նրա ծանր շնչառությունից և անհանգստությունից գլխի ընկա, որ ինքն է սպանել խեղճին։ Չարամիտ և քինախնդիր Լավրենտի Բերիան ինչի ասես ընդունակ էր։ Քարտուղարությունում ոչ ոք չէր կասկածում, որ դա նրա ձեռքի գործն է։ Այդ ամենը չափազանց շինծու էր»։

Դեկաբրիստ հայուհին. թողել է ամեն ինչ և աքսորավայր մեկնել գերմանացի ամուսնու հետևից

Ուզո՞ւմ եք իմանալ, թե ինչ տեսք ունի երկերեսանիությունը և նենգությունը կուսակցության բարձր օղակների կատարմամբ։ Մի քանի տող լսեք կուսակցության բարձրաստիճան պաշտոնյաներից՝ ուղղված Ստալինին և Բերիային, ուղարկված Երևանից Մոսկվա։

«Խճճվելով իր վտանգավոր քաղաքական սխալների մեջ՝ Խանջյանը գնացել է կուսակցության դեմ ուղղված այդ դավաճան և սադրիչ քայլին՝ ինքնասպանությանը։ Չնայած այն ահռելի օգնությանը, որը նրան անձամբ ցուցաբերել է ընկեր Բերիան»։

Այսինքն` մարդն ինքնասպան է եղել, բայց նշան է բռնել կուսակցության վրա։ Եվ այդ զառանցանքը լրջորեն, պաշտոնապես ներկայացվել է։

Հետոն ավելի զիլ է։ «Խանջյանը հովանավորել է հայկական մտավորականության անսանձ ազգայնական տարրերին, գրողների մի մասին, աջակցել Ստեփանյանի ահաբեկչական խմբին»... Սա արդեն «Արևելքի արշալույսը» թերթում տպագրված Բերիայի հոդվածից է՝ «Քամուն տալ սոցիալիզմի թշնամիների փոշին»։ Տվեցին․․․

Այդ ժամանակ «սոցիալիզմի հերթական թշնամին»՝ անանուն հայ տղան, տառապել է Կոլիմայում, որտեղ ջերմաստիճանը երբեմն հասնում է -60 աստիճանի, իսկ արդեն -30-ի դեպքում, ինչպես ասում են մասնագետները, «մեխանիզմները չեն աշխատում և մետաղն այլևս չի ենթարկվում»։ Իսկ ահա մարդիկ չեն կարող չենթարկվել. նրանք պետք է աշխատեն։

Մեր հայ տղան էլ չկարողացավ․ մահացավ աշխատանքի ժամանակ․․․