Արցախում 2019–ին գրանցվել է վերջին 10 տարում հրադադարի խախտման ամենացածր ցուցանիշը

Արցախի պաշտպանության բանակն ամփոփել է անցնող տարին. 85 000 կրակոց ու 1 դիվերսիոն ներթափանցման փորձ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի — Sputnik. 2019 թվականին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրադրությունը Արցախի ՊՆ–ն պայմանականորեն կոչում է հարաբերական կայուն:

Ըստ ՊՆ–ի հաղորդագրության` այս տարվա ընթացքում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման ու արձակած կրակոցների թվաքանակը ամենացածրն է` 2010 թվականից ի վեր:

«ՊԲ օպերատիվ տվյալների ամփոփագրի համաձայն` 2019 թվականին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 9 000 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 85 000 կրակոց` հրաձգային զինատեսակների հետ մեկտեղ կիրառելով նաև 60 միլիմետրանոց ականանետ (13 արկ) և հաստոցավոր ավտոմատ նռնականետ (32 արկ)»,– հայտնում է Արցախի ՊԲ–ն։

2019թ–ին ադրբեջանական զինուժի կողմից դիվերսիոն ներթափանցման մեկ փորձ է գրանցվել` սեպտեմբերի 22-ին։ Հակառակորդը ՊԲ հարավարևելյան (Կարախանբեյլի) ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկի պաշտպանական հատվածում ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ և, չեզոք գոտում թողնելով մեկ դիակ, հետ շպրտվել իր ելման դիրքերը։

Մինսկի խմբի համանախագահների մեկնաբանությունն էապես տարբերվում է Ադրբեջանինից. Փաշինյան

Արցախի ՊՆ–ն նաև արձանագրում է, որ, չնայած այս տարի լրացավ կողմերի միջև կրակի դադարեցման համաձայնագրի ստորագրման 25-ամյակը, ԵԱՀԿ Մինսկի խմբին այդպես էլ չհաջողվեց առաջընթաց արձանագրել, քանի որ պաշտոնական Բաքուն ոչ միայն շարունակում էր մերժել խնդրի կարգավորման հիմնարար սկզբունքները, այլև արհամարհում էր համանախագահների կողմից առաջ քաշված վստահության կառուցման միջոցները` ուղղված հրադադարի ռեժիմի ամրապնդմանը:

Արցախն անհրաժեշտ քայլեր է անում դիրքերի հուսալի պահպանության համար. ՊՆ

Իսկ տարվա ընթացքում հակամարտող կողմերի միջև ամենաբարձր մակարդակով տեղի ունեցած հանդիպումներն ի զորու չեղան առաջընթաց գրանցել` կողմերի հակադիր դիրքորոշումների պատճառով:

Մինասյան. «Բանակցային թիմի փոփոխությունը որոշ չափով ազդել է գործընթացի տրամաբանության վրա»