ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի — Sputnik. Մենք այն երջանիկ ազգերից ենք, որ պահպանել ենք մեր տոնածիսական կերակրատեսակների համակարգը։ Լինի եկեղեցական, թե ժողովրդական տոն, մենք միշտ գիտենք` ինչ մատուցել։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը։
Նա նշեց, որ Հայաստանում երեք անգամ փոփոխվել է Ամանորը նշելու օրը։ Սկզբում այն տոնել են մարտի 21–ին, այնուհետև օգոստոսի 11-ին`«Նավասարդ» անունով, և արդեն տարիներ շարունակ Նոր տարին նշվում է հունվարի 1–ին։
«Չնայած օրացուցային փոփոխություններին, Ամանորի ավանդական կերակրատեսակները պահպանվել են։ Օրինակ` «Նավասարդի հարիսան», որը հայտի է նաև Քեշկեկ անունով, պատրաստում են գառան մսից և ի տարբերություն սովորական հարիսաների` չեն խառնում, որպեսզի գալիք տարին խառնակ չլինի, և պատերազմներ չլինեն»,–ասաց Մամուլյանը։
Նրա խոսքով` ամանորյա սեղանին իր ուրույն տեղն ունի նաև Կճախաշը (հանրության շրջանում հայտնի է երեխաների ատամհատիկի արարողությունից), որը պատրաստելու համար օգտագործում են լոբի, սիսեռ, ձավար, եգիպտացորեն։ Այն դրվում է տոնական սեղանին, որպեսզի գալիք տարում առատ բերք լինի։
Հայուհիները փայլում են ամբողջ տարին, կամ ինչ հագնել Ամանորի գիշերը
Ամանորի ավանդական սեղաններին, ըստ խոհարարի, պետք է անպայման տարեհաց լինի, որի պատրաստման ժամանակ խմորի մեջ մետադրամ են թաքցնում, և ում բաժին է ընկնում մետաղադրամը, տարին նրա համար ամենահաջողն է լինում։
«Պարտադիր են տոլմաները, կճախաշը, տարեհացը, և իհարկե` աղցանները»,–ասաց Մամուլյանը։
Ամանորը մոտենում է լուռ, աղմուկը կլսվի տոներից հետո. ինչ անակնկալ է անելու 2020-ը
Նրա խոսքով` հայկական խոհանոցում Ամանորի սեղանի խորհրդանիշներից մեկը դարձած «Մայրաքաղաքային» աղցանը չկա։ Գոյություն չունի նաև խոզի ազդրը. հայկական ամանորյա սեղանին դրա փոխարեն պետք է լցոնած հնդկահավ լինի։
Մամուլյանը ողջունում է Ամանորին ճոխ սեղաններից հրաժարվելու գաղափարը։ Ասում է` եթե մենք պահպանեինք մթերքներ պաշարելու սովորությունը, ապա տանը չրեղեն, չորացրած բանջարեղեն, բաստուրմա, մսեղեն և ընդեղեն կունենայինք, և Ամանորն այսքան ծանր ֆինանսական բեռ չէր դառնա։