Իմ ճանաչած որևէ դատավոր չի գնալու վաղաժամ թոշակի. Հրայր Թովմասյան

Հրայր Թովմասյանի խոսքով` Սահմանադրական դատարանի դատավորներից որևէ մեկն անաշխատ եկամուտ չի ուզի ստանալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի — Sputnik. Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը կարծում է, որ ՍԴ դատավորներից որևէ մեկը չի գնալու վաղ կենսաթոշակի: Նա այս մասին ասաց ՍԴ բակում լրագրողների հետ զրույցում։

Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել. հայտնի է` ինչի համար է նա մեղադրվում. ՀՔԾ

Երեկ հայտնի էր դարձել, որ Թովմասյանը կհարցաքննվի Հատուկ քննչական ծառայությունում։ Այժմ ՍԴ բակում են հավաքվել Թովմասյանի աջակիցները։

«Եթե խաղաղ պայմաններում հերոսներ եք փնտրում, նրանք նստած են ՍԴ շենքում։ ՍԴ դատավորներից որևէ մեկն անաշխատ եկամուտ չի ուզի ստանալ։ Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ ՍԴ–ն վերջին 6-7 ամիսներին աշխատել է ճնշումների ներքո։ Այդ ճնշումները ոչ միայն սպառնալիքներ  էին, այլ կոնկրետ բռնության կոչեր»,–ասաց Թովմասյանը։

Նրա խոսքով` այս ժամանակահատվածում ՍԴ դատավորներն աշխատել են ու ընդունել այնպիսի որոշումներ, որոնք ելակետային են լինելու ՀՀ իրավական համակարգի հետագայի համար։ Ըստ Թովմասյանի` բոլոր նրանք, ովքեր կարծում են, որ ՍԴ դատավորները կարող են օրինական կաշառքով գայթակղվել ու վաղ կենսաթոշակի գնալ` վատ են ճանաչում դատավորներին։ Թովմասյանը նշեց, որ իր ճանաչած որևէ դատավոր դրան չի գնալու, շեշտելով, որ իր ասածը ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանին չի վերաբերում։

Վաղ կենսաթոշակի անցնելու առաջարկը միտումնավոր է որակվում որպես անպարկեշտ. Բադասյան

Անդրադառնալով իր հետագա գործունեությանը` Թովմասյանն ասաց, որ ոչինչ չի խանգարելու իրեն` վաղվա դատական իշխանությունը կերտելու։

«Թող ոչ ոք թող չմտածի, թե անկախ դատական իշխանությունը սկուտեղի վրա բերելու և մատուցելու են իրենց։ Մենք չենք պայքարում մեր աթոռի համար, այլ վաղվա դատական իշխանության համար ենք ամեն ինչ անում։ ՍԴ շուրջ իրադարձությունները քաղաքական պրոցես են»,–ասաց ՍԴ նախագահը։

«Հրաժարվել եմ որևէ ցուցմունք տալ, իսկ մեղադրանքը որևէ բան չի փոխի իմ կյանքում». Թովմասյան

Նշենք, որ ԱԺ–ն «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ կատարելով` առաջարկում է ՍԴ գործող դատավորներին մինչ կենսաթոշակային տարիքը լրանալն անցնել կենսաթոշակի ու դրա դիմաց առաջարկում է բարձր կենսաթոշակ` ներկայիս աշխատավարձերի չափով (ավելի քան 1 մլն դրամ)։

«Չեմ պատրաստվում վաղ կենսաթոշակի գնալ, հավատարիմ եմ երդմանս». ՍԴ դատավոր

Հիշեցնենք` 2019թ.–ի հոկտեմբերի 17-ին ՀՔԾ–ն հայտնեց, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ մի խումբ պաշտոնատար անձինք յուրացրել են իշխանությունը։

Հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով (այն է` իշխանությունը զավթելը` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաև Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության կամ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալը) քրեական գործ հարուցելու մասին: Բաբաջանյանի հայտարարությունը վերաբերում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին:

Թովմասյանի մեղադրանքը վերաբերում է նախարար աշխատած տարիներին թույլ տված չարաշահումներին

Այսօր հայտնի դարձավ, որ Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ): Խափանման միջոցը` ստորագրություն չհեռանալու մասին։