ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի— Sputnik. ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ` ՀՀ արդարադատության նախկին նախարարը 2 դրվագով առերևույթ պաշտոնեական լիազորությունների չարաշահում կատարելու համար քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ։ Այս մասին հայտնում է դատախազության մամուլի ծառայությունը։
«Հիմնավորվել է, որ Թովմասյանն ի պաշտոնե տեղեկացված է եղել 2 նոտարների` երկար տարիներ իրենց գործունեության վայրը հանդիսացող տարածքի նկատմամբ անհատույց օգտագործման իրավունք ունենալու հանգամանքի մասին։ 2012-2013թթ. ընթացքում Թովմասյանը ՀՀ արդարադատության նախարարության տեսչության պետ, իր հետ քավոր-սանիկական փոխհարաբերությունների մեջ գտնվող անձի հետ հանցակցությամբ սպառնացել է աշխատանքից ազատել նոտարներին, եթե չլքեն տարածքը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Այնուհետև Թովմասյանը հիշյալ տարածքը ձեռք է բերել այլ անձի անվամբ` քողարկելով իր՝ փաստացի տիրապետման, տնօրինման և օգտագործման մղումները։ Որոշ ժամանակ անց այդ նույն տարածքը նոտարներին վարձակալությամբ է տրվել։ Արդյունքում Թովմասյանը նոտարներից յուրաքանչյուրից մինչև 2014-ի ապրիլը ամսական ստացել է 800.000 ՀՀ դրամ վարձավճար՝ ընդհանուր 11.200.000 դրամ:
Թովմասյանի անձեռնմխելիության հարց կա՞ր. պարզաբանում է դատախազությունը
Բացի այդ, 2012թ. փետրվարին Թովմասյանը հարկադրել է պալատի նախագահին իր որոշած պայմաններով ու վարձավճարի չափով նոտարական պալատի համար վարձակալել փաստացի իրեն պատկանող անշարժ գույքը: Պալատն էլ 2012–ի փետրվարի 20-ին կնքել է անշարժ գույքի վարձակալության պայմանագիր, որով ամսական 300.000 դրամ վարձավճարի դիմաց վարձակալել է 50-ից 80 տոկոս ավարտվածության աստիճան ունեցող, որպես գրասենյակային տարածք օգտագործման համար ոչ բարվոք վիճակում գտնվող անշարժ գույքը, որը մինչ այդ այլ անձանց կողմից վարձակալվել է 50.000 դրամով: Արդյունքում Թովմասյանը մինչև վարձակալության պայմանագրի լուծումը՝ 2014 թվականի հոկտեմբերի 29-ը, նոտարական պալատից ստացել է ընդհանուր՝ 10.020.000 ՀՀ դրամի չափով վարձավճար:
Հարկադրված պայմաններում վարձակալության պայմանագիրը կնքելուց հետո նոտարական պալատի բնականոն գործունեությունն ապահովելու համար տարածքում կատարվել են ներքին հարդարման աշխատանքներ, որի դիմաց նոտարական պալատի բյուջեից ծախսվել է 2.467.000 ՀՀ դրամ գումար:
Այսպիսով, Թովմասյանին վերագրվում է մի խումբ պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ, շահադիտական դրդումներով անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած երկու դրվագ պաշտոնեական լիազորությունների չարաշահում:
Քանի որ Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը և տվյալ գործով մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատախազական հսկողությունն իրականացնում է գլխավոր դատախազը, ուստի ՀՀ գլխավոր դատախազի դեկտեմբերի 26–ի որոշմամբ` Թովմասյանը քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով` պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, ներգրավվել է որպես մեղադրյալ:
Նույն օրը որոշումն ուղարկվել է վարույթն իրականացնող մարմնին՝ սահմանված կարգով նրան մեղադրանք առաջադրելու համար:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
«Հրաժարվել եմ որևէ ցուցմունք տալ, իսկ մեղադրանքը որևէ բան չի փոխի իմ կյանքում». Թովմասյան
Հիշեցնենք, որ այսօր ՀՔԾ–ն հարցաքննել էր Թովմասյանին։ 2019թ.–ի հոկտեմբերի 17-ին ՀՔԾ–ն հայտնեց, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ մի խումբ պաշտոնատար անձինք յուրացրել են իշխանությունը։
Հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով (այն է` իշխանությունը զավթելը` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաև Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության կամ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալը) քրեական գործ հարուցելու մասին: Բաբաջանյանի հայտարարությունը վերաբերում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին: