«Թբիլիսին մեզ համար նշաձող չենք սահմանում». Սուսաննա Սաֆարյան

Սաֆարյանը ներկայացրել է ոլորտի խնդիրները, զարգացող ուղղությունները, սպասվելիք միջոցառումներն ու 2020 թվականի առաջնահերթությունները։
Sputnik

Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը Ամանորին դեպի Երևան տուրիստական մեծ հոսք է ակնկալում։ Այդ մասին Սաֆարյանը հայտնեց Sputnik Արմենիայի հետ զրույցում։

Կալավանի հրաշքը. արկածային զբոսաշրջություն, թե՞ համայնքային զարգացում

Ըստ նրա` այս տարի ամանորյա միջոցառումներն ավելի երկար կտևեն ու քաղաքն ավելի ակտիվ կլինի։ Բացի այդ, ամբողջական ծավալով կաշխատեն ռեստորանները, սրճարանները, թատրոններն ու թանգարանները։ Զբոսաշրջության Կոմիտեն ու քաղաքապետարանն արդեն իսկ իրականացնում են իրազեկման աշխատանքներ։

"Մեզ միշտ համեմատում են Թբիլիսիի հետ, սակայն մենք մրցակցության մեջ չենք մտնում, քանի–որ ունենք մեր ուրույն ոճը, ձևն ու բովանդակությունը։ Թբիլիսին մեզ համար նշաձող չենք սահմանում", - նշեց նա։

Սաֆարյանն ավելացրեց, որ Հայաստանի ձմեռային տուրիզմը մեծ պոտենցիալ ունի, բայց բավարար զարգացվածության մակարդակ դեևս չկա։ Նա հավելեց, որ բազմազանեցվում է զբոսաշրջային արդյունքը։ Օրինակ` զբոսաշրջիկներն հետաքրքրված են Աշոցքի լեռնադահուկային հնարավորություններով, նոր ձևավորվող ձնագնդիների մրցույթով և այլն։

Ամանորին Երևանը զբոսաշրջիկների թվով կարող է մրցել Թբիլիսիի հետ. փորձագետ

Կոմիտեի ղեկավարը նկատեց, որ 2019 թվականին Գյումրիում մեծ աշխուժություն է նկատվել, քանի որ արդեն իսկ բարեկարգված ենթակառուցվածքներ են գործում, գեղեցիկ միջավայր և հետաքրքիր առաջարկներ կան։ Բացի այդ, երիտասարդությունը ակտիվ ներգրավված է տուրիզմի զարգացման գործում։ Գորիսում ևս աշխուժություն է նկատվում. այստեղ բավականին մեծ տուրիստական պոտենցիալ կա։ Ամենապահանջված վայրերից են Տաթևը, Խնձորեսկը, Սանահինը, Հաղպատն ու Դենդրոպարկը։

Զբոսաշրջային ներքին այցելություններն աճել են. Ավինյան

Սաֆարյանն արդեն սահմանել է 2020 թվականի Կոմիտեի երեք առաջնահերթությունները` ենթակառուցվածքների զարգացում, վիճակագրության բարելավում ու զբոսաշրջության մասին իրազեկության բարձրացում և՛ Հայաստանում, և՛ արտերկրում։

Ի դեպ, 2020 թվականին անցկացվելու է հետազոտությունը, որի նպատակը վիճակագրական համակարգի բարելավումն է։