Պետության կողմից սուբսիդավորվող վարկով «Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման» ծրագրով 2019թ.-ին Հայաստան է ներմուծվել 300 կենդանի: Ծրագրի շրջանակում տոհմային խոշոր եղջերավոր կենդանիների ձեռքբերման մատչելիությունն ապահովելու նպատակով կտրամադրվի պետական աջակցություն` վարկի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման միջոցով: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Հովհաննիսյանը։
Նրա կարծիքով՝ ծրագիրն ինքնին հետաքրքիր է: Թեև հնարավոր է տեղում էլ հայթայթել նման կենդանիներ, սակայն ծրագրի նպատակը տոհմային նյութի ձեռքբերումն է, որը պետք է օգտագործվի տոհմասելեկցիոն աշխատանքներում:
«Ներկրելու գաղափարը շատ ճիշտ է, սակայն ոչ բոլորը կարող են մասնակցել ծրագրին. հնարավորությունները սահմանափակ են: Օրինակ, կենդանիներ ձեռք բերելու համար ֆերմերը բանկին պետք է տա համապատասխան գրավի առարկա: 50 և ավել գլուխ անասուն ներկրելու պարագայում գումարը կազմում է 50-60 միլիոն դրամ, իսկ բանկը գյուղացուց պահանջում է դրանից ավել արժեքով գրավի առարկա: Շատերը չունեն նման հնարավորություն, ուստի ծրագրից կօգտվեն միայն խոշոր բիզնեսմենները, ովքեր ունեն միջոցներ և կարող են վարկեր վերցնել, հետևաբար, այս ծրագիրը գյուղացիների համար համարժեք չէ»,-ասում է Աշոտ Հովհաննիսյանը:
Խոզի և տավարի միսն էժանանում է, ի՞նչ սպառնալիք է թաքնված. «Ժամանակ»
Նշենք, որ տավարաբուծության ծրագրի շրջանակում շահառուները կարող են ընդամենը 2% տարեկան տոկոսադրույքով սուբսիդավորվող վարկով ձեռք բերել բարձր մթերատու տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ։ Սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների տնտեսվարողներին և գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող կոոպերատիվներին վարկը կհատկացվի 0% տոկոսադրույքով։ Մարման ժամկետը 5 տարի է։ Մեկ շահառուի վարկի առավելագույն չափ է սահմանվել 300 մլն դրամը։