ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Հայ ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանի` Ռիո-2016-ում նվաճած արծաթե մեդալը կփոխարինվի ոսկով։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը։ Նրա խոսքով` ՄՕԿ-ից պաշտոնական գրություն է ստացել, որտեղ նշված է, որ այդպիսի գործընթաց է ընթանում:
Մարտիրոսյանը 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում մինչև 105 կգ քաշային կարգում երկամարտի 417 կգ արդյունքով նվաճել էր օլիմպիական խաղերի արծաթե մեդալը` առաջ թողնելով միայն Ռուսլան Նուրուդինովին, որը 2012 թվականին Լոնդոնում կայացած օլիմպիական խաղերում զբաղեցրել էր 4-րդ տեղը: Սպորտային արբիտրաժային դատարանի հակադոպինգային բաժինը հաստատել է, որ ուզբեկ ծանրորդը 2012 թվականին դոպինգ է ընդունել: Ստացվում է` Լոնդոնում գրանցված արդյունքը չեղյալ է համարվում: Սակայն բացի դրանից, Նուրուդինովը կարող է նաև որակազրկվել, ու այդ դեպքում նրա` Ռիո-2016-ի արդյունքները նույնպես չեղյալ կհամարվեն: Ընդ որում` Նուրուդինովի որակազրկման հարցը քննարկման էր դրվել դեռևս 2019 թ–ի մայիսից:
Փաշիկ Ալավերդյանն այսօր հայտնեց, որ ծանրամարտի համաշխարհային ֆեդերացիան արդեն շնորհավորել է Հայաստանի ֆեդերացիային` Սիմոն Մարտիրոսյանի ոսկե մեդալի համար: Սա նշանակում է, որ Նուրուդինովի որակազրկումը մտնելու է ուժի մեջ, ու այդ դեպքում մրցումներում երկրորդ արդյունքը ցույց տված Սիմոն Մարտիրոսյանը կհայտարարվի Ռիո-2016-ի չեմպիոն:
Հիշեցնենք, որ Ռիոյի օլիմպիական խաղերում Հայաստանի հավաքականի կազմում օլիմպիական չեմպիոնի կոչումը նվաճեց ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, իսկ ըմբիշ Միհրան Հարությունյանից ոսկին «խլեցին» մրցավարները: Բացի Հարությունյանից արծաթե մեդալ էին վաստակել նաև ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը: Հիմա եթե Նուրուդինովի որակազրկումը մտնի ուժի մեջ, մենք կունենանք նորից չորս մեդալ, բայց արդեն երկուական ոսկե և արծաթե: