ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Լոռու Մարզի Ալավերդի քաղաքում ընտանիքի չորս անդամների մահվան դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Այսօր` ժամը 13:45-ին, «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից հայտնել են, որ Սանահին Սարահարթ թաղամասի բնակարաններից մեկում հայտնաբերվել են նույն բնակարանի չորս բնակիչների դիակները: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական օպերատիվ խումբը և բնակարանի զննությամբ հայտնաբերել ամուսիններ՝ Յուրա Իսրայելյանի և Գայանե Ալեքսանյանի, ինչպես նաև նրանց՝ 2002 և 2004 թվականին ծնված անչափահաս երեխաների դիերը:
Դեպքի վայրի զննությամբ արձանագրվել է, որ գազի վառարանը գտնվել է միացված, իսկ գազաազդանշանային անվտանգության համակարգը՝ հոսանքից անջատված վիճակում:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 3-րդ մասով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը, որոնց հետևանքով երկու կամ ավելի անձինք են մահացել):
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել են մի շարք անձինք:
Հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:
Նախաքննությունը շարունակվում է: