«Հոկտեմբերի 27-ի» գործը կվերաբացվի՞

ԱԺ նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը իր փաստաբանի օգնությամբ «Հոկտեմբերի 27-ի» գործը կարճելու դեմ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, որը բավարարվել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik.Հայաստանի խորհրդարանի նախկին փոխխոսնակ Յուրի Բախշյանի այրի Անահիտ Բախշյանի փաստաբանի` «Հոկտեմբերի 27-ի» քրեական գործը կարճելու մասին որոշման դեմ բողոքը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը բավարարել է։ Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է ԱԺ նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը։

«Ժողովուրդ ջան, տեղեկացնում եմ, որ այսօր ստացել եմ 18․12․2019թ․ՀՀ գլխավոր դատախազին ուղղված հոկտեմբերի 27-ի քրեական գործը կարճելու մասին որոշման դեմ բողոքիս պատասխանը։ Այն բավարարվել է իմ փաստաբան Զարուհի Մեժլումյանի գրագետ, հիմնավորված 37 էջից բաղկացած բողոքի հիման վրա։ Սա նշանակում է, որ հոկտեմբերի 27-ին ՀՀ պետության դեմ կատարված ահաբեկչության կազմակերպիչների, հովանավորների մասով կարճված գործը նորից կգնա քննության, այսինքն` սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը հանդես է գալիս որպես այդ պետական ահաբեկչության տուժող կողմ ու կանի ամեն ինչ բացահայտելու համար մեր պետության թշնամիներին, դա լինի ներսից, թե՝ դրսից։ Ակնդետ հետևելու ենք գործընթացին»,- գրել է նա։

«Հոկտեմբերի 27-ի քրգործը պետք է վերաբացվի». Ռուբեն Հակոբյան

Հիշեցնենք, որ 1999թ-ի հոկտեմբերի 27-ին ոճրագործների խումբը` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ներխուժել էր ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճ և սպանել ԱԺ խոսնակ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, փոխխոսնակներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանին, պատգամավոր Արմենակ Արմենակյանին, Հենրիխ Աբրահամյանին և Միքայել Քոթանյանին:

Ահաբեկիչների նկատմամբ դատական գործը սկսվեց 2001թ.-ի փետրվարին և տևեց մինչև 2003թ.-ի դեկտեմբերը։

«Հոկտեմբերի 27-ի» գործով դատավոր Սամվել Ուզունյանի ուղեբեռի մեջ փամփուշտ է հայտնաբերվել

Դատարանի որոշմամբ, Նաիրի Հունանյանը, նրա եղբայրը` Կարեն Հունանյանը, նրանց քեռին` Վռամ Գալստյանը, ինչպես նաև Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը և Աշոտ Կնյազյանը դատապարտվեցին ցմահ, Համլետ Ստեփանյանը` 14 տարվա ազատազրկման։