«Սանիթեքն» ունի ապացույցներ, որ ընկերության հանդեպ կիրառվել է օտարում

«Սանիթեք» ընկերությանը ղեկավարությունը վերահաստատում է`դիմում են միջազգային արբիտրաժային դատարան:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի — Sputnik. «Սանիթեք» ընկերությունը պատրաստ է և ունի բավարար քանակությամբ ապացույցներ ու փաստեր, որոնք հավաստում են` ընկերության հանդեպ, որպես օտարերկրյա ներդրողի, կիրառվել է օտարում (expropriation): Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան ասաց «Սանիթեք» ընկերության գլխավոր տնօրեն և բաժնետեր Նիկոլաս Էլ Թավիլը` պատասխանելով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին։

Քաղաքապետարանը թույլ չի տալիս, որ «Սանիթեքը» հավաքի իրեն պատկանող աղբադույլերը

Նշենք, որ «Արմենպրեսի» հետ զրույցում քաղաքապետ Մարությանը, անդրադառնալով «Սանիթեքի» հետ արբիտրաժի գործընթացին, ասել էր, որ քաղաքապետարանը բավարար փաստական և մասնագիտական ռեսուրսներ ունի՝ ապացուցելու քաղաքի ճիշտ լինելը։

«Եվս մեկ անգամ վերահաստատում եմ, որ «Սանիթեք» ընկերությունը դիմում է միջազգային արբիտրաժային դատարան: Այդ գործընթացը սկսել ենք ամիսներ առաջ, որի մասին բաց և թափանցիկ տեղեկացրել ենք ԶԼՄ-ներին և մեր համաքաղաքացիներին: Նոյեմբերին լրացել է մեր կողմից նախաարբիտրաժային գործընթացի շրջանակում ՀՀ կառավարությանն ու քաղաքապետարանին հասցեագրված արբիտրաժային վեճի մասին ծանուցմանն արձագանքելու ժամկետը և, ի զարմանս ինձ, ո՛չ կառավարությունը, ո՛չ Երևանի քաղաքապետարանը չեն արձագանքել ընկերության՝ բանակցային ճանապարհով առկա ներդրումային վեճը լուծելու ծանուցմանը»,– ասաց Նիկոլաս Էլ Թավիլը:

«Սանիթեքը» հերքում է` «Մոսէսքոն» ընկերությանը դատի չի տվել

Նա տեղեկացրեց նաև, որ ընկերության իրավաբանական թիմը, որում ներգրավված են Հայաստանի և միջազգային ընկերությունների` այս ոլորտի լավագույն մասնագետները, սկսել է նախապատրաստել փաստաթղթերը՝ հայցը միջազգային արբիտրաժային դատարան ներկայացնելու համար:

«Վստահեցնում եմ, որ շատ շուտով միջազգային դատարանը կստանա մեր հայցը»,- ասաց Թավիլը:

Հիշեցնենք` հոկտեմբերի 3–ին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել էր, որ ամբողջությամբ, միակողմանի կերպով լուծում է «Սանիթեք» ընկերությունների հետ կնքված պայմանագրերը։

Քաղաքապետը նշել էր, որ 2017 թվականից ի վեր «Սանիթեք» ընկերությունը սկսել է թերանալ աղբահանության գործում։ Այդ թերացումներն ահագնացել են 2018 թվականի կեսերին և շարունակվել մինչև 2019 թվականի սեպտեմբերը։ «Սանիթեք» ընկերությունն իր հերթին հոկտեմբերի 10–ին հայտարարել էր, որ դիմելու է Արբիտրաժային դատարան, որովհետև Երևանի քաղաքապետարանի, ՀՀ կառավարության և գործին առնչվող մյուս մարմինների գործողությունները «Սանիթեքի» նկատմամբ խտրական են և պատժիչ, ինչպես նաև նպատակ ունեն օտարերկյա ներդրող համարվող ընկերությանը ենթարկել էքսպրոպրիացիայի և բռնագանձել վերջինիս ակտիվները: