Իրանցին փորձել է մեծ քանակությամբ թմրանյութեր բերել Հայաստան, ՊԵԿ–ը կանխել է

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Թմրամիջոցների ապօրինի տեղափոխման մեջ մեղադրվող Իրանի քաղաքացին ձերբակալվել է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի — Sputnik. Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները կանխել են Հայաստանի Հանրապետության սահմանով թմրամիջոցի և հոգեմետ նյութի անօրինական տեղափոխման հերթական փորձը: Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Բագրատաշենի անցակետում տղամարդու մոտից մարիխուանա, տարբեր դեղամիջոցներ են հայտնաբերել

Մասնավորապես, վարչության աշխատակիցները մաքսային զննության են ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետությունից Մեղրի մաքսային կետ-բաժին ժամանած Իրանի քաղաքացուն պատկանող ճամփորդական պայուսակը: Իրականացված հսկողության արդյունքում հայտնաբերվել են խոշոր չափի՝ շուրջ 3 կգ «կետամին» տեսակի հոգեմետ նյութ և մոտ 10գ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց։ Նյութերը՝ պոլիէթիլենային փաթեթներով գտնվել են ճամպրուկի ստորին հատվածում պատրաստված թաքստոցում:

Տղամարդը հոգեմետ դեղեր է գնել. դեղատների տնօրեններ են ձերբակալվել. տեսանյութ

ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում կազմված նյութերը տրամադրվել են ՊԵԿ քննչական վարչությանը, հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և (կամ) դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը) 1-ին մասի հատկանիշներով: Իրանի քաղաքացին ձերբակալվել է: