Հայկ Մարությանի նկատմամբ վարույթ է հարուցվել. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Հանձնաժողովից տեղեկացնում են, որ վարույթ հարուցելու մասին որոշումը եռօրյա ժամկետում ուղարկվելու է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի — Sputnik. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի նկատմամբ վարույթ է հարուցվել՝ անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման հիմքով:

Ինչպես տեղեկացնում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից, 2019 թվականի նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 20-ը ընկած ժամանակահատվածում հանձնաժողովը գումարել է 3 նիստ և կայացրել է 7 որոշում: Հարուցվել է երկու վարույթ, որոնցից մեկը՝ Հանձնաժողովի նախաձեռնությամբ:

Դավիթ Խաժակյանը կմնա Երևանի ավագանու կազմում. ԼՀԿ–ն բացատրել է իր որոշումը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի` Երևանի քաղաքապետին վերաբերող որոշման մեջ նշվում է, որ 2019 թվականի դեկտեմբերի 05-ին armlur.am, yerevantoday.am, antifake.am, tert.am, 168.am, news.am, zham.am և մի շարք այլ ինտերնետային լրատվամիջոցներ, հղում կատարելով «Ժողովուրդ» օրաթերթին, հրապարակել են «Հայկ Մարությանը շուրջ 1 տարի օրենք է խախտել», «Հայկ Մարությանն ու «Երկուս ու կես»-ը․ քաղաքապետի օրինախախտումը բացահայտված է» և այլ վերնագրերով հոդվածներ՝ մասնավորապես նշելով, որ Հայկ Մարությանը իր պաշտոնավարմանը զուգահեռ նաև «Երկուս ու կես» ՍՊԸ-ի տնօրենն է, և 2018-ի հոկտեմբերի 13-ին պաշտոնը ստանձնած Մարությանը զուգահեռ տնօրինել է իր ՍՊԸ-ն։

Փաշինյանն առաջարկում է շեյխերի հիվանդանոցի համար հրապարակի տոնածառի տեղը տալ

Համաձայն Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքի՝ 31-րդ հոդվածի 1-ին մասի՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները չեն կարող զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից։

«Սա ոչ այնքան ծախս է, որքան ներդրում». Մարությանի խոսնակը մեկնաբանել է ամանորյա ծախսերը

«Ուսումնասիրելով լրատվամիջոցների կողմից հրապարակված տեղեկատվությունը և օրենսդրական դրույթները՝ հանձնաժողովը գտնում է, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի արարքում առկա են անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման հատկանիշներ։ Հաշվի առնելով նշված փաստական հանգամանքները և ղեկավարվելով օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 5-րդ մասով, ինչպես նաև 31-րդ հոդվածի 2-րդ մասով՝ հանձնաժողովը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման հիմքով հարուցել է վարույթ»,–ասված է հայտարարության մեջ։

Հակոբյան. «Մարությանին հասցվում էին բավական ուժեղ հարվածներ՝ ստեղծելով նյարդային վիճակ»

Վարույթ հարուցելու մասին որոշումը եռօրյա ժամկետում ուղարկվելու է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին:

Հիշեցնենք, որ 2018 թվականի հոկտեմբերի 13-ին Հայկ Մարությանը ստանձնել է Երևանի քաղաքապետի պաշտոնը ու դրան զուգահեռ տնօրինել է իր ՍՊԸ-ն: Փաստաթղթերում առկա տեղեկության համաձայն` ընկերությունը հիմնադրվել է դեռևս 2010 թվականին, սակայն քաղաքապետն իր պաշտոնավորումից հետո չի դադարեցրել տնօրենի գործառույթները: Նշենք նաև, որ պաշտոնական տեղեկության համաձայն` 2019–ի դեկտեմբերի 16–ին «Երկուս ու կես» ՍՊԸ–ն լուծարվել է։