ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի — Sputnik. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում օպտիմալացումների հետևանքով միջին աշխատավարձի էական բարձրացում է եղել։ Այս մասին իր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտնեց ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը։
«Այս տարվա երկրորդ կիսամյակում նախարարության աշխատակիցների միջին աշխատավարձը 378 000 դրամ է։ Խոսքը վերաբերում է զուտ եկամուտին, այսինքն` նրանք այդքան գումար են ստանում հարկերը հանած»,–ասաց նախարարը` հավելելով, որ այս գումարը ստացել են նաև տարվա ընթացքում տված հավելավճարների միջոցով։
Պապիկյանը հայտնեց, որ 2018–ին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում միջին աշխատավարձը կազմում էր 263 000 դրամ էր։
Նախարարի խոսքով` 2018–ին մեկնարկած օպտիմալացումն իր կարևոր արդյունքն է արձանագրում։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունից Sputnik Արմենիային հայտնել էին` 2018թ.–ին հայտարարված պետական ապարատի օպտիմալացումը չի ավարտվել և կշարունակվի նաև 2020թ.–ին։
2019թ. ՀՀ կառավարությունը փոփոխություններ իրականացրեց «Կառավարության կառուցվածքի ու գործունեության մասին» օրենքում, որով 17 նախարարությունների թիվը կրճատվեց 5–ով։ Նախկին 17-ի փոխարեն այսօր 12 նախարարություն է գործում։ Կրթության, Սպորտի և Մշակույթի նախարարությունները միավորվեցին մեկ գերատեսչության կազմում։ Գյուղատնտեսության նախարարությունը միացվեց Էկոնոմիկայի նախարարությանը։
«Մեր ոտքը պետք է երկարացնենք մեր վերմակին համապատասխան». Սուրեն Պապիկյանը՝ Գյումրիում
88 հաստիք ունեցող Սփյուռքի նախարարությունը լուծարվեց, փոխարենը վարչապետի աշխատակազմում ստեղծվեց Սփյուռքի հարցերով հանձնակատարի գրասենյակ՝ 25 հաստիքով: