ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի — Sputnik. Եթե որոնողական համակարգով փնտրեք Ռեստորանային սպորտի համաշխարհային ֆեդերացիայի նախագահ ու այդ սպորտի ստեղծող Ալեքս Ռաբինովիչի անունը, կթվա, թե նույն անուն ազգանունով տասնյակ մարդիկ կան։ Մի Ռաբինովիչը նվագել է «Ալեքս» ռոք խմբում, մյուսը Միջազգային վարկանիշների կենտրոնի նախագահն է, մյուսը պրոֆեսիոնալ հոկեյով է զբաղվում։ Այդքան Ալեքս Ռաբինովիչների մեջ կարելի է մոլորվել։ Բայց էլ ավելի տարօրինակ է թվում, երբ հասկանում ես, որ այդ ամենը նույն մարդու մասին է։
-Ինչպե՞ս եք այդ ամենը հասցնում։ Ու ինչի՞ համար», - շփոթված հարցնում եմ ես։
-Պետք է մի բան անեի, չէ՞, - ժպտալով պատասխանում է Ռաբինովիչը։
-Հա, բայց մի բան։ Այդքան արա՞գ եք ամեն ինչից ձանձրանում։
- Գիտեք, իմ լավ ընկեր Հայկ Չիլինգարյանը մի անգամ մի միտք է արտահայտեց, որի հետ լիովին համաձայն եմ։ Նրա խոսքով՝ հայերն ու հրեաները նույն հիվանդությունն ունեն․ մենք անընդհատ ինչ-որ բանով զբաղված ենք, ինչ-որ բան ենք սարքում, ինչ-որ բանի շուրջ մտածում ենք։ Ինչի՞ համար։ Պատճառն այն է, որ մեզ միշտ կոտորել են, ճնշել են, սպանել են։ Ու եթե կանգ առնենք, համազգային ընկճախտի մեջ կընկնենք։
Ձկնապուր Բրեժնևին և պաղպաղակ Պուտինին. Կրեմլի խոհարարի համար լավաշն ամենաօգտակար հացն է
Ալեքս Ռաբինովիչը չորրորդ անգամ է Հայաստանում։ Այս անգամ նա Երևան է եկել Ռեստորանային սպորտի հայկական ֆեդերացիայի բացման կապակցությամբ։ Ռաբինովիչը դա ստեղծել է հոկեյի նմանությամբ։ Մրցում են շեֆ խոհարարից, մատուցողից ու սոմելյեից կազմված թիմեր։ Շեֆը եփում է, մատուցողը մատուցում է, իսկ սոմելյեն գինին է բացում ու ապացուցում է դրա թրենդայնությունը։
Այս ամենը դատում է պրոֆեսիոնալ ժյուրին։ Աշխարհի ավելի քան քսան երկրներում ռեստորանային սպորտի ֆեդերացիաներ են բացվել։ Հայաստանում ֆեդերացիայի նախագահ է դարձել քաղաքական գործիչ Հայկ Բաբուխանյանը, փոխնախագահն է շեֆ խոհարար Սեդրակ Մամուլյանը։
«Ռեստորանային սպորտը հրեական մարզաձև է համարվում, բայց ես, անկեղծ ասած, այն հայ-հրեական եմ համարում։ «Հրեական խոհանոց» հասկացություն չկա։ Մենք 40 տարի շրջել են անապատներով, խոհարարությամբ զբաղվելու ժամանակ չկար։ Իսկ հայերը իրենց տեղում նստած ստեղծագործում էին», - ասում է Ռաբինովիչը։
Նա վստահեցնում է, որ հայկական խոհանոցն աշխարհի ամենահամեղն է, այն աստվածային է։ Ռաբինովիչը տարվա մեջ ավելի քան 70 ուղևորություն է ունենում, այնպես որ նա համտեսել է աշխարհի գրեթե բոլոր խոհանոցների ուտեստները։
«Հայաստանում, ի տարբերություն Վրաստանի, պանիրը «հայկական» չեն անվանում։ Բայց թող վրացիները լսեն, որ հայկական պանիրը շատ ավելի լավն է։ Իսկ տոլման հրաշք է։ Վրաստանո՛ւմ էլ, Ադրբեջանո՛ւմ էլ տոլմա կերել եմ․այն չէ։ Հայե՛ր, դուք ձեր տոլմայի մեջ ի՞նչ եք ավելացնում։ Երևի՝ հոգի», - ժպտում է Ռաբինովիչը։
Սանկտ Պետերբուրգի ռեստորաններից մեկում ոսկով շաուրմա են մատուցում. տեսանյութ
Ալեքս Ռաբինովիչի այցն ու Ռեստորանային սպորտի հայկական ֆեդերացիայի բացումը սկիզբ կդնի Հայաստանում անցկացվող «ռեստորանային մրցումներին»։ 2020 թվականի հունվարին Հայաստանի բոլոր մարզերում շեֆ խոհարարները, մատուցողներն ու սոմելյեները մրցելու են լավագույն մասնագետների կոչման համար։ Հաղթող թիմը ռեստորանային սպորտի աշխարհի առաջնությանը մասնակցելու հնարավորություն կստանա։ Առաջնությունը կանցկացվի 2020 թվականին մայիսի 15-ից 17-ը Բուլղարիայում։ Սա արդեն ռեստորանային սպորտի աշխարհի երրորդ առաջնություն է։