Անցնող տարին նշանավորվել է նոր սպառազինությունների ձեռքբերմամբ. Դավիթ Տոնոյան

ՀՀ զինծառայողները վաստակել են լավագույնն ունենալու իրավունքը և ՊՆ–ն քայլ առ քայլ գնում է այդ խնդրի կատարմանը։
Sputnik

Հայաստանի զինված ուժերն օրեցօր հզորանալու են և լինելու են հակառակորդի համար ավելի մահաբեր. կառավարության հրապարակած տեսանյութում ասում է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը` ամփոփելով ընթացիկ տարին։

Ինչու է Ռուսաստանը զենք վաճառում Բաքվին. Կոսաչյովը բացել է փակագծերը

«2019-ը հաջողված էր բոլոր առումներով, մասնավորապես` մենք կյանքի կոչեցինք շատ կարևոր` սննդի կազմակերպման ոլորտը: Զինծառայողներին մատուցվում է բարձր որակի, սննդարար և բազմատեսակ սնունդ: Մեր զինծառայողները վաստակել են լավագույնն ունենալու իրավունքը և մենք քայլ առ քայլ գնում ենք այդ խնդրի կատարմանը»,-ասում է նա։

Նախարարի խոսքով` անցնող տարին նշանավորվել է նաև նոր սպառազինությունների ձեռքբերմամբ, քանի որ ՀՀ զինված ուժերը, հայոց բանակը համալրվել են նորագույն ռազմական տեխնիկայով, սպառազինության զինատեսակներով:

Հայաստանը կրկնապատկել է ռազմական արդյունաբերության բյուջեն

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21–ին Facebook–ի իր պաշտոնական էջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրել էր, որ Հայաստանի զինված ուժերը համալրվել են ռուսական արտադրության գերժամանակակից հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2ԿՄ համակարգերով:

Բացի այդ, ավելի վաղ Դավիթ Տոնոյանը հաղորդել էր, որ Ռուսաստանից գնած Սու-30 ՍՄ կործանիչները Հայաստան կհասնեն 2020թ.–ի հունվար–փետրվարին։