Հայաստանը ֆրիլանսերների ցուցանիշով աշխարհում չորրորդն է. Աստղիկ Հովհաննիսյան

Տնտեսագետ, «Ամբերդ» կենտրոնի հետազոտող Աստղիկ Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է զբաղվածության խնդրին և աշխատաշուկայի հետ կապված որոշ հարցերի:
Sputnik

Հայաստանում մարդկանց առօրյա հոգսերը համացանցում իրականացվող առևտրի կամ գործարքների շնորհիվ զգալիորեն թեթևացել են: Գործունեության նշված ձևերն ունեն մեկ ակնհայտ ընդհանրություն՝ իրականացվում են առցանց, և դրանցում զբաղված բոլոր մարդիկ կազմում են զբաղվածների նոր խումբ, որ կոչվում է ֆրիլանսեր (freelancer): Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տնտեսագետ Աստղիկ Հովհաննիսյանը։

«Աշխարհի 175 երկրների շարքում Հայաստանը 4-րդն է՝ ըստ 1000 բնակչին բաժին ընկնող ֆրիլանսերների թվաքանակի, միաժամանակ, առաջինն է՝ ըստ գրանցված ակտիվ ֆրիլանսերների տեսակարար կշռի՝ 26,85 տոկոս»,- նշեց Հովհաննիսյանը: 

Հայերը սկսել են շատ կատարել առցանց գնումներ. առաջատարը Գյումրին է

Ֆրիլանսերների հաշվառման գործընթացի կարևորությունն ու հրատապությունն, ըստ տնտեսագետի, ընդգծում է մի հանգամանք ևս. ֆրիլանսերների աճող թվաքանակը և նրանց՝ հարկման դաշտում իրավական կարգավորման բացակայությունն ուղղակի ազդեցություն են ունենում և ունենալու են բյուջեի եկամտային մասի վրա: Այդ մասին հիշատակված է նաև «Հարկային քաղաքականությունը փոփոխվող աշխարհում՝ ներառական աճի համար» ՏՀԶԿ զեկույցում: