Տավուշում կորած տղան առանց վերարկուի ու հեռախոսի է տնից դուրս եկել. մանրամասներ

Աչաջուրի ղեկավար Կարեն Ղալթախչյանը հայտնեց, որ դիրքեր են գնացել ու զգուշացրել դեպքի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Աչաջուր համայնքի բնակիչ 16–ամյա տղան` Գևորգ Մ.–ն, որին արդեն քանի ժամ է` փնտրում են, առանց տաք հագուստի ու հեռախոսի է տնից դուրս եկել։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց Տավուշի մարզի Աչաջուր համայնքի ղեկավար Կարեն Ղալթախչյանը։

Արդեն հայտնել ենք, որ դեկտեմբերի 20-ին «911» ծառայությունում տեղեկություն են ստացել, որ Տավուշի մարզի Աչաջուր գյուղում դեկտեմբերի 19-ին, ժամը 17։00-ի սահմաններում, գյուղի բնակիչ Գևորգ Մ.-ն տնից դուրս է եկել դեպի այգի և չի վերադարձել։

«Երեկ տղան ծնողներին ասել է, որ այգի է դուրս գալիս. այգին էլ 1 կմ է հեռու իրենց տնից։ Որոշ ժամանակ անց, սակայն, երբ տղան ուշացել է, ծնողները սկսել են անհանգստանալ ու արդեն «911» են դիմել։ Ավելի ուշ նկատել են, որ տղայի հեռախոսն ու «կուրտկան» տանն են»,–պատմեց համայնքի ղեկավարը։

Ղալթախչյանի խոսքով` տղան մինչ տնից դուրս գալը ծնողների հետ չի վիճել, հեռախոսով էլ տարօրինակ զանգեր կամ, առհասարակ, զանգեր չի ստացել։ Նրա խոսքով` ծնողները ստուգել են տնից դուրս գալուց առաջ ստացած զանգերն ու տեսել, որ միայն դասընկերների հետ է շփվել։

«Մոլորյալը գտնվեց». Սյունիքի զորամասից կորած զինվորին գտել են

Տավուշի մարզում 16–ամյա պատանին գնացել է այգի ու չի վերադարձել

Համայնքի ղեկավարը հայտնեց նաև, որ արդեն դիրքեր են գնացել ու զգուշացրել դեպքի մասին, սակայն չեն կարծում, որ տղան սահմանն անցնելու փորձ կաներ. նման պատճառներ չի ունեցել։ Այնուամենայնիվ, Ղալթախչյանը նշեց, որ սահմանին իրավիճակը հանգիստ է եղել։

«Տղան ինչ–ինչ խնդիրներ էլ չի ունեցել. անձամբ եմ ճանաչում նրան։ Խելոք, չխոսկան երեխա է»,–ասաց Ղալթախչյանը։

Ինչ է եղել իրականում. Հայաստանի լեռներում կորած արշավականներից մեկը պատմել է եղելությունը

Նա նշեց նաև, որ երեկվանից թե՛ ոստիկանությունն ու փրկարարները, թե՛ Գևորգի դասընկերները տղային են փնտրում։

Հիշեցնենք, որ այգին, ուր գնացել է Գևորգը, գտնվում է «Աղի ձոր» կոչվող հանդամասում: Աչաջուրը հայ–ադրբեջանական սահմանից 4 կմ հեռավորության վրա է գտնվում։