ՌԱԴԻՈ

Գրիգորյան. «Սերժ Սարգսյանի ցուցմունքի հետ կապված` պահանջել են աղբյուրի բացահայտում»

«Ժողովուրդ» օրաթերթի քաղաքական լրագրող Սոնա Գրիգորյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է պարբերականի հետ կապված միջադեպի հանգամանքներին: 
Sputnik
Գրիգորյան. «Սերժ Սարգսյանի ցուցմունքի հետ կապված` պահանջել են աղբյուրի բացահայտում»

«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունում ենթադրել միայն կարող են, թե ինչ են փնտրել իրենց մոտ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Ժողովուրդ» օրաթերթի քաղաքական լրագրող Սոնա Գրիգորյանը։ 

Ռոբերտ Քոչարյանի աջակիցը Մարտի 1-ի գործով տուժողին ցուցմունքից հրաժարվելու առաջարկ է արել

«Անլեգալ մարդիկ մտել ու ինչ-որ բան են փնտրել, խուզարկել են և դուրս եկել: Մենք ահազանգել ենք ոստիկանություն՝ հասկանալու համար, թե ինչ է տեղի ունեցել: Ոստիկանությունը մի քանի ժամ մեր խմբագրությունում էր: Իրավապահներն աշխատում էին՝ հասկանալու համար, թե ինչ էր կատարվել»,-նշում է Սոնա Գրիգորյանը: 

Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է իրավապահներին` անաչառ քննության ակնկալիքով

Ըստ նրա՝ խմբագրություն են մտել երկրորդ հարկի պատուհանից ու դեպի խոհանոց տանող պատշգամբի դռնից, որոնք նույնպես բաց են եղել, իսկ պատուհանի փեղկը կոտրված է եղել: Թեև ինչ-որ բան են փնտրել, սակայն խմբագրությունից որևէ իր կամ առարկա դուրս չի հանվել: Տեխնիկան տեղում է: 

«Հիմա փորձում ենք պարզել անծանոթների ինքնությունը և հասկանալ, թե արդյո՞ք նրանց հաջողվել է մեր համակարգիչներից որևէ ինֆորմացիա տանել: Այս ամենը մեզ համար դեռ անհասկանալի է: Մեր օրաթերթի խմբագիր Քնար Մանուկյանը հրապարակել է Մարտի 1-ի գործին առնչվող` Սերժ Սարգսյանի ցուցմունքը, ինչի պատճառով հարցաքննվել է, պահանջել են աղբյուրի բացահայտում: Ենթադրում ենք, որ գուցե դա կապ ունի այս ամենի հետ»,-նշում է Սոնա Գրիգորյանը:   

Լրագրողի փոխանցմամբ՝ օրվա երկրորդ կեսին հայտնաբերել են, որ խմբագրության մուտքի մոտ տեղադրված տեսախցիկը պոկել ու տարել են, իսկ ներսում տեղադրված տեսախցիկը խաթարվել է ու չի տեսանկարահանել եղելությունը: Խմբագրությունում փորձում են հասկանալ, թե վերջին շրջանում ինչ աղմկահարույց հոդվածներ են հրապարակել, և ինչի՞ պատճառով կարող էին մարդիկ ցանկանալ տեղեկատվություն վերցնել համակարգիչներից:   

Լռեցնելու, վախեցնելու, ճնշելու փորձ. «Ժողովրդի» խմբագիրը` տակնուվրա եղած գրասենյակի մասին

Հիշեցնենք` այսօր` դեկտեմբերի 19–ի առավոտյան, ժամը 10:00-ին, «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը բացել է դուռն ու տեսել, որ խմբագրությունն ամբողջությամբ թափթփված է, պահարանների դռներն ու դարակները բաց են: 

Ոստիկանության լրատվական ծառայությունից Sputnik Արմենիային հայտնել էին, որ ահազանգ են ստացել այն մասին, որ Աբովյան 22 հասցեում գտնվող «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը տակնուվրա է արվել։