ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետը և նրա ընտանիքի անդամներն օրենքի համաձայն պետական պահպանության ենթակա անձինք են։ Նրանք չեն կարող հրաժարվել պետական պահպանությունից։ Պատկերացրեք` վարչապետը, իր ընտանիքի անդամը կամ պետական պահպանության ենթական որևէ անձ երթևեկում է մետրոյով , «Գազելով», ինչպես պետք է պետական պահպանությունն իրականացվի։ Այս մասին այսօր facebook-յան ուղիղ հեռարձակման միջոցով ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով աղմուկ հանած` Մարիամ Փաշինյանի համար մեքենա ձեռք բերելու թեմային։
«Իմ ընտանիքի անդամներից և ոչ մեկի համար մեքենա ձեռք չի բերվել։ Դրանք Պետական պահպանության ծառայության մեքենաներն են, որոնք սպասարկում են ՀՀ ղեկավարներին։ Դա մեր քմահաճույքը չէ, այլ ՀՀ օրենքի պահանջ»,–ասաց Փաշինյանը` նշելով, որ ասել, թե իր ընտանիքի անդամի համար մեքենա է գնվել` աբսուրդ է։
Նա տեղեկացրեց, որ 2018–ին, անվտանգությունն ապահովելու համար, ՊՊԾ-ն նոր մեքենաներ է ձեռք բերել։ «Դրանք ձեռք են բերվել, որովհետև ՀՀ օրենքով պետական պահպանության ենթակա մարդկանց թիվն ավելացել է, և մեքենաներ են պետք եղել։ Օրինակ` նախկին նախագահ Սերժ Սարգսյանի անվտանգությունը շարունակվում է ապահովվել ՊՊԾ–ի կողմից»,–նշեց Փաշինյանը։
Այն խոզերի գլուխները, որ դրվել են գորգի վրա, գլորվելու են ցեխը. ում է ակնարկում վարչապետը
Հիշեցնելով «Հայաստանն իմ տունն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» պաստառը` Փաշինյանը սկսեց «տնավարի» խոսել իր հետևորդների հետ` բացելով ընտանեկան գաղտնիք։ «ՀՀ–ում մարդիկ կան, որոնց համար «ախրանա» ունենալն, «ախրանայով» շրջելը գերագույն հաճույք է։ Ասեմ` մեր ընտանիքի համար ամենամեծ պրոբլեմը «ախրանա ունենալն» է»,–ասաց վարչապետը և տեղեկացրեց, որ անցած կիրակի ընտանիքով «փախել» են և իրենց հին մեքենայով մի 2 ժամ շրջել Երևանով։ «Իմ գործողությունը տվյալ դեպքում կարող է մեկնաբանվել որպես օրենքի խախտում»,–ընդգծեց նա։
Անդրադառնալով` մինչև դուռը չեն բացում վարչապետն ու ընտանիքի անդամներն ավտոմեքենայից չեն իջնում տարածված բամբասանքին, Փաշինյանը նշեց, որ դա էլ է օրենքի պահանջ։ «Մեր «պագոնները» չեն ընկնի, որ դուռը բացենք իջնենք։ Սկզբում ես երբեմն դուռը ինքս բացել իջել եմ, ինձ զգուշացրել են` Դուք մի բացեք, երբ պետք լինի, մենք կբացենք, կիջնեք»,–պատմեց Փաշինյանը` հիշեցնելով, որ ՊՊԾ Հայաստանում ի հայտ է եկել 1999–ի հոկտեմբերին 27–ից հետո։
«Ես շատ գոհ եմ, որ ֆինանսավորվել է». Փաշինյանը` Մել Դալուզյանի ֆիլմի մասին
Հիշեցնենք, որ մամուլում լուրեր էին տարածվել, թե Փաշինյանի ավագ դստեր` Մարիամ Փաշինյանի համար նոր ամենագնաց է ձեռք բերվել։ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը, մեկնաբանելով տեղեկությունը, ասել էր, որ Մարիամ Փաշինյանի համար որևէ փոխադրամիջոց ձեռք չի բերվել: Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 6.1-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն «Վարչապետի պաշտոնավարման ժամանակահատվածում պետական պահպանություն տրամադրվում է նաև նրա հետ համատեղ բնակվող, ինչպես նաև նրան ուղեկցող ընտանիքի անդամներին»: Պետական պահպանության ծառայությունը հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգությունն ապահովում է օրենսդրությամբ սահմանված կարգով իր ռեսուրսների շրջանակում»։