«Ես վերջում կխոսեմ». Քոչարյանը գերադասեց իր դիրքորոշումը հայտնել դատական նիստի ավարտին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրաժարվեց իր նկատմամբ կիրառված կալանքի մասին դիրքորոշում հայտնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի 1»-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանն ասելիք ունի, բայց գերադասում է խոսել դատական նիստի ավարտին։

Այս մասին նա հայտնեց այսօր Վերաքննիչ դատարանի նիստում։ Դատավոր Լուսինե Աբգարյանի հարցին, թե ունի արդյոք ասելիք, Քոչարյանը պատասխանեց. «Եթե վերջում խոսք կտաք, ես վերջում կխոսեմ»։

Դատարանը մերժեց Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը. նիստը շարունակվում է

Մինչ այդ Քոչարյանի փոխարեն դատարանում իրենց դիրքորոշումը ներկայացրեցին նրա պաշտպանները` պահանջելով իրենց պաշտպանյալին ազատ արձակել դատարանից։

Փաստաբան Հայկ Ալումյանը, ներկայացնելով Քոչարյանին կալանքից ազատելու իրենց բողոքը, նշեց, որ դրանով իրենք վիճարկում են ոչ թե այն, թե օրինական է արդյոք Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը կիրառելու մասին առաջին ատյանի դատարանի պատճառաբանությունը, այլ թե որքանով է իրավաչափ Քոչարյանին այսօր կալանքի տակ պահելը։

«Մենք ոչ թե այստեղ վիճարկում ենք` պարոն Քոչարյանն առհասարակ պետք է գրավով ազատ արձակվի, թե չէ։ Մենք այդ հարցը ձեր քննարկման առարկան չենք դարձրել։ Մեր հարցը վերաբերում է հետևյալին` արդյո՞ք առաջին ատյանի դատարանի որոշումը բավարարում է ՄԻԵԴ սկղբունքներին»,– ասաց Ալումյանը։

Աղվան Վարդանյանը լծվել է Ռոբերտ Քոչարյանին ազատելու գործին

Փաստաբանը դատարանին նաև հիշեցրեց նախաքննական կալանքի վերաբերյալ ՄԻԵԴ հետևյալ դիրքորոշումը. «Որքան ավելի երկար է անձը մնում կալանքի տակ, այնքան ավելի կարևոր է դառնում անձի ազատության իրավունքը»։

Հիշեցնենք` Վերաքննիչ քրեական դատարանում այսօր քննվում է Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու առաջին ատյանի դատարանի մերժման վերաբերյալ փաստաբանների բողոքը։

Ռոբերտ Քոչարյանին դուրս են գրել հիվանդանոցից. մեկնաբանություն «Իզմիրլյան» ԲԿ–ից

«Մարտի 1»-ի գործի շրջանակում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել 2018–ի հուլիսի 26-ին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով առ այն, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: