Գազի սակագնի շուրջ բանակցություններում որոշակի առաջընթաց կա. «Գազպրոմ Արմենիայի» տնօրեն

Կողմերը վերջնականապես չեն պայմանավորվել, թե որքան գազ է պատրաստ սպառել Հայաստանը, և ինչպիսի աշխատանքներ պետք է կատարել գազային ցանցում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի — Sputnik.Հայաստանի համար ռուսական գազի սակագնի մասին բանակցություններում մի շարք հարցերում առաջընթաց կա։ Այս մասին լրագրողներին հայտնեց «Գազպրոմ Արմենիայի» գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը։

«Գազպրոմ Արմենիան» կոնկրետացրել է իր 5 տարվա ներդրումները

«Մի շարք հարցերում կան նախնական պայմանավորվածություններ, իսկ որոշ հարցեր մնացել են։ Տարբեր մակարդակներում բանակցություններ են ընթանում, քննարկվում են Հայաստանում գազի սպառման կանխատեսելի ծավալները և գազատրանսպորտային ցանցում ներդրումները», – նշեց նա։

Նրա խոսքով` գազի սակագնից է կախված, թե ինչպիսի աշխատանքներ և ինչպիսի ծավալով կարելի է անցկացնել համակարգում։ Առայժմ սակագինը հայտնի չէ, ուստի 2020թ–ի ներդրումներն ավելի քիչ ծավալով են նշված, քան 2021-2024թթ–ին։ Առաջիկա հինգ տարում (2020-2024թթ.) ներդրումների ընդհանուր ծավալը կկազմի մոտ 130 միլիոն դոլար, բայց առաջին տարում սակագնի անորոշության պատճառով ներդրումներ ավելի քիչ են նախատեսված։

«Բնականաբար, մենք առայժմ չգիտենք, թե ինչ սակագին կլինի, դժվար է կանխատեսել, թե որքան միջոցներ կունենանք և ինչ աշխատանքների համար դրանք կբավականացնեն», – պարզաբանեց Թադևոսյանը։

Գազալցակայաններում չարաշահումների փաստերով հարուցվել է 31 քրեական գործ

Այն հարցին, թե երբ կավարտվեն բանակցությունները և երբ սպասել նոր սակագին, Թադևոսյանը հիշեցրեց, որ այդ մասին արդեն արտահայտվել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Թադևոսյանի խոսքով` առայժմ փոխվարչապետի ասածին ավելացնելու բան չունի։

Ավելի վաղ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ Հայաստանում գազի սակագինը մինչև 2020 թվականի ապրիլի 1-ը չի բարձրանա։

Հայաստանում գազի սակագինը մինչև ապրիլի 1-ը չի բարձրանա. ՀՀ փոխվարչապետ

Հիշեցնենք, որ 2019 թվականի հունվարի 1-ից ռուսական գազի սակագինը Հայաստանի համար 1000 խմ–ի դիմաց 150–ից հասավ 165 դոլարի։ Սակայն վերջնական սակագինը սպառողների համար դեռ նույնն է (տարբերությունն իր վրա է վերցրել «Գազպրոմի» դուստր ձեռնարկություն` «Գազպրոմ Արմենիան»)։