ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի — Sputnik.Հայաստանում հուղարկավորելու նպատակով Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Ղրիմում զոհված երկու խորհրդային զինվորների աճյունների փոխանցումը հարազատներին կայացել է այսօր Սիմֆերոպոլում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
Նշվում է, որ արարողությանը մասնակցել են Ղրիմի ղեկավարության, տեղի հայ համայնքի ներկայացուցիչները և որոնողները։
Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովն իր խոսքում նշել է, որ թերակղզու ամբողջ հողը ողողված է խորհրդային մարտիկների արյամբ։
«Թող հանգչեն խաղաղությամբ։ Հավերժ հիշատակ բոլոր մարտիկներին», – ասել է Աքսյոնովը։
Տեղեկության համաձայն` մարտիկներից մեկի աճյունը հայտնաբերվել է այս տարվա գարնանը Թեոդոսիայի մերձակայքում։ Որոնումներն իրականացնողներին հաջողվել է պարզել ընկած մարտիկի ինքնությունը։ Նրանցից մեկը Է(Ե)րվանտ Հարությունովն է (1912 թվականին ծնված)։ Հայտնի է, որ զինվորը զոհվել է 1942 թվականի գարնանը` Թեոդոսիայի մերձակայքում տեղի ունեցած մարտերի ժամանակ։
Մյուս կարմիրբանակայինը զոհվել է 1941 թվականի աշնաը պաշտպանության ժամանակ։ Նա Հովսեփ Բաբլումյանն է (1911 թվականին ծնված)։
Շինարարություն ոսկորների վրա. ի՞նչ է սպառնում Թեոդոսիայի հայկական եկեղեցու գերեզմանատանը
Նշենք, որ ղրիմցի որոնողները 30 մարտիկների աճյուններ են հայտնաբերել Օկոպնայա լեռան վրա` Ֆրոնտովոյե գյուղի մերձակայքում այս տարվա մայիսին իրականացրած «Հիշատակի ակնթարթ 2019» (Вахта Памяти-2019)պեղումների ժամանակ։ Դեկտեմբերի 6-ին Թեոդոսիայում կայացել է մարտիկների աճյունների հուղարկավորման արարողությունը։