Ժաննա Պողոսյան, Sputnik Արմենիա
«...Ասում են` քաղաքում մինչև 100 հազար մահացած մարդ կա։ Սա ոչ պաշտոնական տեղեկություն է։ Պաշտոնական տեղեկություն չկա։ Սակայն սովորական միջին հաշվարկով էլ սարսափելի թվեր են ստացվում։ Միայն մեր տանը մի քանի դի կա։ Կարևորը` չմտածել։ Մարդկային բոլոր զգացմունքները թաքցնում ենք ինչ-որ տեղ խորքում։ Երևի պատերազմի ժամանակ էլ է այդպես եղել։ Մենք հայհոյում ենք ու ծիծաղում, բայց յուրաքանչյուրս ամեն անգամ ներքուստ դողում ենք տեսածից, սակայն թույլ չենք տալիս մեզ զգալ այդ ամենը»։
Սա Կոնստանտին Սերաֆիմովի «Հայաստան. փրկարարի գրառումները» գրքից մի հատված է։ Նա Սպիտակի երկրաշարժի ժամանակ Հայաստան եկած փրկարարներից մեկն էր` Հարավ-ղազախստանյան օպերատիվ–փրկարարական ջոկատի կազմում։ Տարիներ անց նա իր օրագրերի հիման վրա «Հայաստան. փրկարարի գրառումները» գիրքն է հրապարակել, որում նկարագրել է այն սարսափը, ինչը տեսել էր այդ օրերին։
Sputnik Արմենիային հաջողվել է կապ հաստատել Սերաֆիմովի հետ, որն այժմ ապրում է Իսրայելում և քարանձավագիտությամբ է զբաղվում։
-Բարև Ձեզ, պարոն Սերաֆիմով։ Կարո՞ղ ենք խոսել Ձեր գրքի ու Սպիտակում իրականացրած փրկարարական աշխատանքների մասին։
-Բարև Ձեզ։ Հայաստանի բոլոր մարդիկ ընկերներս են։ Հարցրեք։
Այսպես սկսվեց մեր խոսակցությունը, որը կամաց–կամաց դարձավ կյանքի, գրականության և ցավի մասին մտորում։
«Ես 1975 թվականին իրականացրած իմ առաջին քարանձավագիական արշավից օրագրեր եմ պահում։ Գրի եմ առնում այն ամենը, ինչը կատարվում է գիտարշավների, ուղևորությունների, միջոցառումների ու ընդհանրապես կյանքի ընթացքում։ Հիշողության վրա հույսս չեմ դնում»,–պատմում է նա։
Նույն կերպ Սերաֆիմովն ամեն օր գրի էր առել այն ամենը, ինչը կատարվել էր Լենինականում աղետալի երկրաշարժին հաջորդած օրերին։ Ասում է, որ օրագրերի միակ նպատակն էր փաստագրել տեղի ունեցածը, ոչ թե «սիրտը հովացնել» կամ հոգին «ապաքինել»։
Ես գիդեմ, օր դու սաղ ես. դու չիդես մեռնելն ինչ է. ազդեցիկ տեսանյութ` նվիրված Գյումրիին
«Հնարավոր չէ բուժել հոգին, այն հավերժ ցավալու է։ Ժամանակը չի բուժում։ Մարդիկ հաճախ փորձում են մոռանալ իրենց կյանքի սարսափելի իրադարձությունները։ Բայց ոչ ես։ Ես նախընտրում եմ հիշել դրանք»։
1988 թվականի սկզբին ղարաբաղյան շարժումն արդեն սկսվել էր,և երկու ժողովուրդների հարաբերությունները` սրվել։ Գրքում հետաքրքիր երկխոսություն կա, որը ներկայացնում է հայ Վարդանի և Սերաֆիմով զրույցն ադրբեջանցիների մասին։
–Ադրբեջանցիները մեր թշնամիներն են, ու մենք պետք է պատրաստ լինենք պաշտպանվել։ Եթե մեզ ստիպեն, մենք կրակելու ենք։
–Ու՞մ եք կրակելու, Վարդան։
–Մեր թշնամիներին։
–Բայց ադրբեջանցիները միայն տղամարդիկ չեն, այլև կանայք ու երեխաներ։
–Բոլորը թշնամի են։
–Իսկ երեխանե՞րը, Վարդան։
–Երեխաներն էլ են ադրբեջանցի։ Նրանք կմեծանան։
–Հենց սա է ցեղասպանությունը։ Չէ՞ որ դուք դեմ եք ցեղասպանությանը։
-Դեմ ենք։
– Այդ դեպքում ինչպե՞ս ես այլ ժողովրդի հանդեպ ցեղասպանություն քարոզում։
–Իսկ գիտե՞ս` հիմա ադրբեջանցիներն ինչ են անում։ Նրանք մեզ նոր երկրաշարժերի մաղթանքներով հեռագրեր են ուղարկում։ Նրանք հարձակվում են սանիտարական վագոնների վրա, դեղերի տուփերին սարսափելի գրություններ թողնում։ Դա է ցեղասպանությունը։
–Ցանկացած ժողովրդի մեջ էլ ծայրահեղականներ կան։ Բայց երեխաներն անմեղ են։ Մեզանից ոչ ոք չի կարող ընտրել, թե որտեղ ծնվի։ Բայց ամեն մեկը կարող է ու պետք է ընտրի` ինչպես ապրել ու ինչ հայացքների տեր լինել։ Արյունը միայն արյուն է ծնում։ Ցեղասպանությանը չի կարելի ցեղասպանությամբ պատասխանել` որքան քաղցր էլ թվա այդ վրեժը։ Քանի որ այդ գործընթացը հնարավոր չէ կանգնեցնել։ Մեկը պետք է առաջինն ուշքի գա։
Սերաֆիմովը հիշում է, որ այդ խոսակցությունը իր` խորհրդային մամուլ կարդացող քաղաքացու համար, լրիվ անսպասելի էր։
«Ինչու էր Ձեզ համար կարևոր «ժանտախտի ժամանակ» գրել խաղաղության մասին»,–հարցնում եմ ես։
Սումգայիթի, Բաքվի ջարդեր. ինչպես հայ կինը լուծեց ամուսնու վրեժը
«Մենք փրկարարներ ենք, ոչ թե զինվորներ։ Մենք փրկում ենք կյանքները, ոչ թե ձգտում ենք խլել դրանք, ու մեզ համար խաղաղությունը միշտ էլ պատերազմից կարևոր է։ Խաղաղությունը պետք է հաղթի պատերազմին, հակառակ դեպքում բոլորը կմահանան։ Այդ պատճառով կարևոր է գրել խաղաղության մասին, նույնիսկ երբ շուրջդ ամեն ինչ այրվում է... Իմ դիրքորոշումը, որ ցեղասպանությանը չի կարելի ցեղասպանությամբ պատասխանել, չի փոխվել։
Չնայած այն հանգամանքին, որ արդեն 20 տարի է Իսրայելում ենք ապրում, որտեղ հրեաների ու արաբների միջև նույն ազգամիջյան կրքերն են, ինչ Հայաստանի ու Ադրբեջանի, ու դրա վերջը չի երևում։ Ցեղասպանությանը պետք է պատասխանել հնարավորինս խիստ, քանի որ թշնամուն միայն ուժով կհաղթես։ Բայց ոչ ցեղասպանությամբ, քանի որ երեխաները մեծանում են այնպիսին, ինչպիսին նրանց դաստիարակում են. նրանք այդպիսինը չեն ծնվում»։
Ողբերգությունից 31 տարի անց փրկարարը դեռ Հայաստանից երախտագիտության խոսքերով լի նամակներ է ստանում։ Հաճախ երիտասարդներ են գրում, որոնք նույնիսկ չեն տեսել երկրաշարժը։
«Ու այդ ժամանակ հասկանում եմ, որ ամեն ինչ իզուր չէր։ Զարմանալի է, բայց մեր երկրներում աղետների կանխարգելման կառույցներում այս տարիների ընթացքում քիչ բան է փոխվել։ Այո, տարբեր ԱԻՆ–ներ, փրկարարական ծառայություններ ու ջոկատներ են ստեղծվել, բայց դա բավարար չէ»։
Հայաստանից վերադառնալուց հետո փրկարարի կյանքում շատ բան է փոխվել։ Սերաֆիմովի խոսքով` փոխվել է նրա աշխարհայացքն ու ընկալումը, նա հասկացել է` ինչ սուտ ու ինչ տեսակ հակադրություններ են շրջապատում մարդկանց բոլոր կողմերից։ Սերաֆիմովը դուրս է եկել աշխատանքից, գրանցել է քարանձավագետների «Սումգան» ակումբում ու սկսել է աշխատել որպես լեռնագնացների ուղեկցորդ։
Սպիտակի ողբերգությունից հետո Սերաֆիմովն այլևս չի եղել Հայաստանում, ասում է`«այդպես է ստացվել»։ Չնայած բոլոր մութ հիշողություններին, նրա հուշերում մի լուսավոր կետ կա` այցելությունը Սևան։ Նա նայել է Սևանին տողերի արանքով. փոքր ժամանակ շատ է սիրել Վախթանգ Անանյանի «Սևանի ափին» գիրքը։ Եթե Լենինականը նրան վհատեցրել է, ապա Սևանը մի փոքր մոտեցրել է Մանկությանը (հենց մեծատառով)։