Որն էր ընթացիկ տարում մշակույթի ոլորտի ամենակարևոր ձեռքբերումը. փոխնախարարի տեսակետը

2018թ.–ին որոշում է կայացվել վերանորոգման աշխատանքներ սկսել մի շարք թատրոններում։ Փոփոխության հիմքը դրվել է, և այս տարվա համար գումարներն արդեն իսկ հատկացվել են:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Մշակույթի ոլորտում ընթացիկ տարվա ամենակարևոր ձեռքբերումը Մնջախաղի թատրոնի շենքի կառուցման համար տարածք ու գումար հատկացնելն էր: Այս մասին այսօր իր տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի փոխնախարար Արայիկ Խզմալյանը:

Հյուսիսային պողոտայում կտեղադրվի Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» քանդակը

«Մնջախաղի թատրոնը տարիներ ի վեր աշխատում էր առանց իր մշտական հասցեն ունենալու: Հաջորդ տարի թատրոնը կունենա իր շենքը»,-ասաց փոխնախարարը:

Նրա խոսքով՝ այս տարի որոշում է կայացվել մի շարք թատրոնների վերանորոգման աշխատանքներ սկսելու. փոփոխության հիմքը դրվել է, և այս տարվա համար գումարներն արդեն իսկ հատկացվել են:

Մնջախաղի թատրոնը վերջապես իր շենքն ու հասցեն կունենա. մեկնարկը տրվեց մուրճի հարվածով

Բացի այդ, ըստ Խզմալյանի, Երևանի կամերային թատրոնը նոր մասնաշենք ունի, որը կիսակառույց վիճակում է, և պետբյուջեից 199 մլն են հատկացրել, որպեսզի այն վերանորոգվի ու ավարտին հասցվի շենքի կառուցումը:

«Հայաստանի ազգային կինոկենտրոնի՝ Տերյան փողոցի վրա գտնվող շենքը նույնպես կվերանորոգվի, որի համար էլ նախարարությունը տրամադրել է ավելի քան 4 մլն դրամ»,-հայտնեց նա:

Մարզային թատրոնները, ըստ Խզմալյանի, նույնպես դուրս չեն մնացել նրանց տեսադաշտից. արդեն իսկ Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնի վերանորոգման համար տրամադրվել է ավելի քան 24 մլն դրամ:

Խզմալյանը հայտնեց, որ հաջորդ տարի կվերանորգվի նաև Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը, ինչի համար էլ 13.5 մլն դրամ են հատկացրել:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին հայտնի դարձավ, որ Մնջախաղի թատրոնը վերջապես իր շենքը կունենա Գևորգ Քոչար 21 հասցեում։ Դեռ 2017–ին մշակույթի նախարարությունը հայտարարել էր, որ այս նույն տարածքը (Գևորգ Քոչար– 21) հանձնում է Մնջախաղի թատրոնին։

Հին տաշտակի առաջ. ՊՆ–ն հրաժարվեց Մոսկովյան 5–ի տարածքը տրամադրել Մնջախաղի թատրոնին

Սակայն հետո պարզվեց, որ շենքը պատմամշակութային հուշարձան է, և թատրոնի շենքի նախագծով նախատեսված փոփոխություններն անթույլատրելի են։ Մեկ տարի անց` 2018–ին, մշակույթի նախարարությունը հայտարարեց Մոսկովյան 5 հասցեում գտնվող շենքը թատրոնին տրամադրելու մասին։

Այս շենքն էլ, պարզվեց, Պաշտպանության նախարարությանն էր պատկանում, և ՊՆ–ն չէր համաձայնել այն տրամադրել Մշակույթի նախարարությանը։ Սակայն բանակցություններից հետո տարածքն այս տարի հատկացվեց Մնջախաղի թատրոնին։ Շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտել հաջորդ տարի: