Դատավոր Մխիթար Պապոյանի ինքնաբացարկից հետո Ռոբերտ Քոչարյանի գործը մակագրվել է Լուսինե Աբգարյանին: Նա վարույթ է ընդունել համապատասխան բողոքը և նիստ է նշանակել:
Արամ Վարդևանյանի կարծիքով՝ օրենքով նախատեսված և օրենքով չարգելվող բոլոր գործողությունները, որոնք անհրաժեշտ են իրավունքի կոպտագույն խախտումը վերացնելու համար, այն է՝ անձնական ազատության սահմանափակումը, ապօրինի և անհիմն կալանավորումը, փաստաբանական թիմի կողմից միանշանակ ձեռնարկվելու են:
Արամ Վարդևանյանի փոխանցմամբ՝ Վերաքննիչ քրեական դատարանում այս ընթացքում մեկ բարձր վարկանիշ ունեցող դատավորի` Մխիթար Պապոյանին էր մակագրվել գործը, ով քննել էր կալանավորման հետ կապված հարցը: Մինչ այդ, բարձր վարկանիշ ունեցող դատավորներից մեկ ուրիշն էր քննության առարկա էր դարձրել Ռոբերտ Քոչարյանի գործը. նա, ըստ Վարդևանյանի, այսօր ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավորն է`Ալեքսանդր Ազարյանը:
«Կհիշեք, դատախազության կողմից ներկայացվեց իրավական տեսանկյունից ակնհայտ անհիմն, իսկ կիրառական իմաստով նաև լուրջ ռիսկեր պարունակող միջնորդություն ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ։ Այն իրականում դատախազության կողմից ներկայացվող միջնորդություն չէր, որովհետև դատախազության միջնորդությունները պետք է լինեն ավելի բարձր չափանիշներին համապատասխանող, քանի որ դատախազությունն ի վերջո չպետք է կողմնակալ լինի, այլ հանդես գա որպես օրինականության և իրավունքի պաշտպանության ներկայացուցչական գործառույթով մարմին»,- նշում է Արամ Վարդևանյանը:
Դատավորը բավարարել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների խնդրանքը
Փաստաբանը մատնանշում է ևս մեկ հանգամանք, որն իհարկե պետք է փաստաբանական թիմի կողմից դառնա քննարկման առարկա: Լուսինե Աբգարյանի եղբայրն ունի ուղղակի առնչություն սույն գործով ակտիվ դերակատար եղած, ակնհայտ կողմնակալ Վահե Գրիգորյանի հետ: Վերջինս տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչն էր և նրա հրապարակային հայտարարություններում, ըստ Վարդևանյանի, ընդհուպ մինչև Ռոբերտ Քոչարյանի իրավունքների առերևույթ խախտումներ էին նկատվում:
Արամ Վարդևանյանը շեշտում է, որ Վահե Գրիգորյանը մշտապես դեմ է եղել ՀՀ երկրորդ նախագահի կալանավորումը որպես խափանման միջոց վերացնելու ցանկացած հնարավոր գործողության, և եթե կա նման ուղղակի կապ, ապա դա իսկապես կարող է հարցեր առաջացնել: