ՌԱԴԻՈ

Հովհաննիսյան. «Հայտնի երաժիշտներ և մարզիկներ միացել են «105 ռոյալ» նախագծին»

«Դարի ղողանջ» բարեգործական հիմնադրամի տնօրեն և «105 ռոյալ» նախագծի ղեկավար Արթուր Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է «105 ռոյալ» նախագծին:
Sputnik
Հովհաննիսյան. «Հայտնի երաժիշտներ և մարզիկներ միացել են «105 ռոյալ» նախագծին»

Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին «Դարի ղողանջ» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ  նախատեսվում է Ծիծեռնակաբերդի բարձունքում դեպի անմար կրակ տանող ճանապարհի երկու կողմում տեղադրել 105 ռոյալ: Ցեղասպանության բանաձևը ԱՄՆ սենատում ընդունելուց հետո մեկնարկեց «105 ռոյալ» նախագծի չելենջը՝ «Ոչ ցեղասպանություններին» կոչով, ինչի արդյունքում հանգանակված գումարով պետք է գնվեն 105 ռոյալները:

Ծիծեռնակաբերդում 105 ռոյալներ կնվագեն`ի հիշատակ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի

Արթուր Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ արդեն ստույգ պայմանավորվածություններ կան կոնկրետ անձանց հետ, և շատերն են ուզում մասնակցել ակցիային:

«Չելենջը սկսեցինք, որովհետև արձանագրեցինք ևս մեկ հաղթանակ` Սենատը կրկին բարձրացրել է այդ թեման, իսկ մեր նախագիծը, մեր համոզմամբ, կարող է լինել շատ ուժեղ լեյտմոտիվ Հայոց ցեղասպանության ընդունման հարցում»,–ասաց Հովհաննիսյանը` տեղեկացնելով, որ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն առաջինն է միացել նրանց՝ ասելով, որ շատ լավ մտահղացում է: Մի ռոյալ էլ անվանակոչվելու է նրա անունով:

«Ապրիլի 24-ին մենք պետք է ցույց տանք մեր հզորությունը, ցույց տանք, թե ինչպես ենք խոնարհվում մեր սուրբ նահատակների հիշատակի առջև, ինչպես ենք ամուր կանգնած մեր ոտքերի վրա` նաև երաժշտական առումով ու մտածում ենք մեր ապագա Կոմիտասների, Խաչատրյանների, Բաբաջանյանների մասին՝ նվիրելով նրանց այդպիսի հրաշալի ռոյալներ»- ասում է Արթուր Հովհաննիսյանը:

«Ծափահարում եմ Սենատի որոշմանը»․ նախագահի թեկնածու Բայդենը` Ցեղասպանության բանաձևի մասին

Հայտնիներից նախաձեռնությանը մասնակցելու ցանկություն են հայտնել Ռոբերտ Մլքեյանը, Սերժ Թանկյանը, Էդուարդ Թոփչյանը, Սերգեյ Սմբատյանը, նաև անվանի մարզիկներ:

«105 ռոյալ»  ծրագրի հաջողության դեպքում՝ այդ օրը աշխարհի տարբեր երկրներից Հայաստան ժամանած հարյուրհինգ երաժիշտ կկատարի հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները՝ սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ: Ռոյալների վրա գրվելու է նվիրատուների անունները:  Նախագծի իրականացումից հետո ռոյալները կնվիրվեն Հայաստանի ու Արցախի տարբեր քաղաքների ու գյուղերի երաժշտական դպրոցներին: