Դատավորը «լայք» է դրել եղբոր գրառումներին. Քոչարյանի փաստաբաններն ինքնաբացարկ պահանջեցին

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները կասկածներ ներկայացրեցին դատավոր Լուսինե Աբգարյանի անկողմնակալության վերաբերյալ։ Փաստերը գտել են Facebook–ում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 Դեկտեմբեր — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին Վերաքննիչ դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանին։

«Դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե նա տեղյակ է այնպիսի հանգամանքներից, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ ողջամիտ կասկած կհարուցեն նրա անաչառության մեջ»,– ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը` մեջբերելով Քրեական դատավարության մասին ՀՀ օրենքի պահանջը։

Դատավորը բավարարել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների խնդրանքը

Իսկ դատավորի անաչառ չլինելու մասին կասկածներ Քոչարյանի պաշտպանը գտել է Facebook սոցիալական կայքում, ընդ որում` ոչ միայն Լուսինե Աբգարյանի, այլև նրա եղբոր էջերում։

Facebook–ում կատարված գրառումները ցույց են տվել, որ Լուսինե Աբգարյանի եղբայրը` Դավիթ Աբգարյանը, մտերիմ հարաբերությունների մեջ է «Մարտի 1»-ի գործով տուժողի իրավահաջորդի նախկին ներկայացուցիչ, ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հետ։ Ըստ Վարդևանյանի` նրանք նույնիսկ համատեղ ներկայացրել են տուժողների շահերը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։

«Հուսով եմ` ապօրինի կալանքը շուտով կվերացվի». Սողոմոնյանը` Քոչարյանի գործի մասին

«Ձեր եղբայրը` Դավիթ Լևոնի Աբգարյանը, Facebook–ում հավանել ու կիսվել է Սերժ Թանկյանի կարծիքն այն մասին, որ ուրախ է տեղեկանալ, որ նախկին նախագահ Քոչարյանը դարձյալ ՔԿՀ–ում է,– ասաց փաստաբանը,– Facebook-ի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ Դավիթ Աբգարյանի նման գրառումները նաև ձեր անձնական էջով հավանվել են, այսինքն` like եք դուք դրել»։

Բացի այդ` դատական դեպարտամենտի court.am պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն` դատավոր Լուսինե Աբգարյանը 17.12.19-30.12.19-ը գտնվելու է արձակուրդում։

Գագիկ Ջհանգիրյանը դատական հայց է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի դեմ

«Հարց է առաջանում` ինչպե՞ս է ամսի 10-ին գործը մակագրվում ձեզ»,– ասաց Վարդևանյանը` հիշեցնելով, որ արձակուրդից 10 օր առաջ դատավորի անունը հանվում է այն դատավորների ցանկից, որոնց կարող են գործեր մակագրվել։

Ներկայացված հիմքերով Քոչարյանի փաստաբանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրել Լուսինե Աբգարյանին։

Դատավորը հստակեցրեց, որ արձակուրդում է գտնվելու ոչ թե դեկտեմբերի 17-ից, այլ 24-ից։ «Ես չգիտեմ, թե ինչու ուղղում չի կատարվել և ես այսօր ևս նոր գործ եմ ստացել»,– հայտնեց Աբգարյանը։

Դատական նիստն ընդհատվեց, դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ` ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։ Լուսինե Աբգարյանը հայտնեց, որ որոշումը կհրապարակվի 2 օրից` դեկտեմբերի 18-ին, ժամը 14։00–ին։

Հիշեցնենք` Վերաքննիչ քրեական դատարանում այսօր քննվում է Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու առաջին ատյանի դատարանի մերժման վերաբերյալ փաստաբանների բողոքը։ Ռոբերտ Քոչարյանը ներկա նիստին չէ, քանի որ ստացիոնար բուժում է ստանում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում։

Արցախը պետք է նախաձեռնությունն իր ձեռքը վերցնի. Ռոբերտ Քոչարյան

Հիշեցնենք, որ այժմ Հայաստանի երկրորդ նախագահը մեղադրվում է 2008թ.մարտի 1-ի բողոքի ակցիաները ցրելու քրեական գործի շրջանակներում սահմանադրական կարգը տապալելու մեջ։