ՌԱԴԻՈ

Արթուր Քլարք. «Ուղղակի մի խուրձ հնարավոր ապագաներ եմ ներկայացնում ընթերցողին»

Եկեք անկեղծ լինենք։ Միանգամայն արդարացի են նրանք, ովքեր պնդում են՝ կանխատեսումներ անելը անշնորհակալ գործ է։ Եվ այնուամենայնիվ, մարդիկ միշտ էլ ձգտել են գուշակել, թե ինչպես է զարգանալու քաղաքակրթությունը։
Sputnik

Այսօր ուղիղ 102 տարեկան կդառնար Արթուր Քլարքը՝ աշխարհի ամենահայտնի ֆուտուրոլոգներից`ապագան կանխատեսողներից մեկը։ Հետաքրքիր է, որ հենց ինքն է ասել.

«Որևէ մեկը չի կարող կանխատեսել, թե ինչպիսին է լինելու ապագան»։ Եվ անմիջապես էլ ավելացրել է. «Ինքս էլ միշտ դիմադրել եմ, երբ ինձ փորձել են մարգարեի պիտակ կպցնել։ Ես ուղղակի մի խուրձ հնարավոր ապագաներ եմ ներկայացրել ընթերցողին»։

Արթուր Քլարքը միշտ ընդունել է, որ մի կողմից` իր որոշ կանխատեսումներ չեն իրականացել, օրինակ` նա պնդում էր, որ արդեն 1994 թվականին մարդիկ կիջնեն Մարսի վրա։

«Բայց մյուս կողմից,- ասում է նա,- 1951 թվականին ես կանխատեսել էի, որ մարդիկ վայրէջք կկատարեն լուսնի վրա 1978 թվականին, այնինչ Արմսթրոնգը և Օդրինը ինձնից առաջ ընկան գրեթե մեկ տասնամյակով»։

1999 թվականին Արթուր Քլարկը ներկայացրեց իր վերջին կանխատեսումները։ Քանզի ուղիղ 20 տարի է անցել, եկեք նախ տեսնենք, թե այդ ժամանակաշրջանի համար արված կանխատեսումներից որոնք են իրականացել։

Արթուր Քլարք. «Ուղղակի մի խուրձ հնարավոր ապագաներ եմ ներկայացնում ընթերցողին»
«2004 թվականին,- ասում էր Քլարքը,- կհայտնվի մարդու պաշտոնապես գրանցված առաջին կլոնը»։

Ակնհայտ սխալ կանխատեսում։ Բայց կան նաև կանխատեսումներ, որոնց մասին չի կարելի ասել, թե ակնհայտ սխալ են, որովհետև ճիշտ է՝ չեն իրականացել, բայց, այսպես ասենք՝ իրականանալու ճանապարհին են։ 

Մի օրինակ. Արթուր Քլարքը պնդում էր, որ 2003 թվականին աշխարհի ավտոարդյունաբերության առջև խնդիր է դրվելու՝ առաջիկա 5 տարվա ընթացքում լիովին անցնել այնպիսի մեքենաների արտադրության, որոնք կսնվեն միայն էկոլոգիապես մաքուր աղբյուրներից։

Իջևանում պաշտոնապես բացվեց էլեկտրամոբիլների լիցքավորման առաջին կայանը
Իհարկե, կարելի է մեծահոգաբար ժպտալ՝ ուր էր թե էդպես լիներ. տարիներ առաջ մեր տնից ոչ հեռու՝ «Կովկաս» պանդոկի մոտ Տեսլայի սարքն են տեղադրել՝ էլեկտրամոբիլները լիցքավորելու համար։ Ամեն օր այնտեղով եմ անցնում, երբեք չեմ տեսել, որ ինչ-որ մեկը էլեկտրականությամբ լիցքավորի իր ավտոմեքենան։ Բայց մյուս կողմից՝ հենց մի քանի օր առաջ Եվրամիությունը որոշեց, որ մինչև 2050 թվականը լիովին հրաժարվելու է ներքին այրման շարժիչով մեքենաներ արտադրելուց։ Այնպես որ` Քլարքի այդ կանխատեսումը վաղ թե ուշ իրականություն է դառնալու։

Շատ ավելի դժվար է ասել՝ արդյոք երբևէ կիրականանան գրողի այն կանխատեսումները, որոնք լիովին կփոխեն մարդու կյանքն ընդհանրապես։

Օրինակ. Քլարքը պնդում էր, որ շուտով մարդը կկարողանա վերահսկել նյութը մոլեկուլի և ատոմի մակարդակով։ Սա նշանակում է, որ մարդկությունը այլևս կախում չի ունենա բնությունից և ինքը կկարողանա ստեղծել այն ամենը, ինչ իրեն պետք է՝ ցանկացած սննդից մինչև վառելիք։

20 տարի անց՝ իրականացած ու չիրականացած կանխատեսումներ
Քանզի այս տարին մոտենում է ավարտին, տեսնենք թե ինչ կանխատեսում է անում Քլարքը հաջորդ տարվա համար։ 20 տարի առաջ նա պնդում էր, որ 2020 թվականին արհեստական բանականությունը կհավասարվի և կգերազանցի մարդկային բանականությանը։ Եվ այդ պահից Երկրի վրա գոյություն կունենան երկու բանականություններ, ընդ որում արհեստականը զարգանալու է շատ ավելի արագ։ Համաձայնեք՝ բավական մտահոգիչ կանխատեսում է, մարդ միանգամից հիշում է «Տերմինատոր» կինոնկարը։

Արթուր Քլարք. «Ուղղակի մի խուրձ հնարավոր ապագաներ եմ ներկայացնում ընթերցողին»
Եվ վերջապես՝ «2040 թվականին,- պնդում է Արթուր Քլարքը,- կստեղծվի այսպես կոչված «ունիվերսալ ռեպլիկատորը»։ Սարք, որի օգնությամբ կարելի է կրկնօրինակել ցանկացած նյութական օբյեկտ»։

Գոնե պատկերացնո՞ւմ եք, թե դա ինչ է նշանակում.

Ուզում եմ ունենալ այն դղյակներից, որոնք միմյանց կողքին են շարված Մոնումենտում։ Հարց չկա։ Կախարդական փայտիկի, այսինքն ունիվերսալ ռեպլիկատորի մի հարված` և դղյակս պատրաստ է։

Համաձայնեք, ճիշտ է ասում Արթուր Քլարքը, որ սա արմատապես կփոխի մարդու կյանքը և կյանքի իմաստն ընդհանրապես։ Որովհետև մենք սովոր ենք, որ ողջ կյանքի ընթացքում պիտի անընդհատ աշխատենք ինչ-որ բան ձեռքբերելու համար։ Է եթե կարող եմ անմիջապես` առանց որևէ ջանք թափելու ստանալ ուզածս, կներեք, էլ ինչու պիտի աշխատեմ։ Եկեք այս հաճելի կանխատեսումով էլ ավարտենք ու սպասենք երանելի 2040 թվականին։ Բան չմնաց։