Կանգնել «տաբուրետկայի՞ն», թե՞ համբերել. Անափիոսյանը` կրթական համակարգի բարեփոխման մասին

ԿԳՄՍ փոխնախարար Արևիկ Անափիոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի կրթական համակարգի խնդիրների ու դրանց լուծմանն ուղղված ծրագրերին։ Նա ասել է նաև, թե ինչ պիտի անի նախարարությունը, որպեսզի դպրոցներում երեխաներին չկանգնեցնեն «տաբուրետկայի» վրա։
Sputnik

Հայաստանի կրթական համակարգը փոփոխելու երկու ճանապարհ կա, որոնցից մեկը կոսմետիկ ու արագ փոփոխություններն են, որոնց վերջում, սակայն, դպրոցում դարձյալ լինելու են «տաբուրետկայի» վրա կանգնած, անգիր անող աշակերտներ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ԿԳՄՍ փոխնախարար Արևիկ Անափիոսյանը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն դիտողությանը, թե մեր դպրոցներում սովորեցնում են ոչ այն, ինչ պետք է, այլ աշակերտին կանգնեցնում են «տաբուրետկի վրա, ասում են` արտասանիր»։

Դպրոցական կրթությունը բարեփոխելու երկրորդ ճանապարհը, ըստ Անափիոսյանի, դանդաղ, բայց հիմնավոր փոփոխությունն է։

«Այս բարեփոխումը ենթադրում է դպրոցների բոլոր տնօրենների, ուսմասվարների ու ուսուցիչների առօրյա վարքագծի փոփոխություն, ենթադրում է պետական մարմինների առօրյա վարքագծի փոփոխություն ու նաև ծնողական ու աշակերտական համակարգի առօրյա վարքագծի փոփոխություն»,– ասաց Անափիոսյանը։

Նախարարությունն այդ նպատակով արդեն սկսել է հանրակրթության պետական չափորոշիչների վերանայման գործընթացը։

Չափորոշիչներով սահմանվելու են ուսումնառության նպատակները, թե ուսումնառության 12 տարիների ավարտին աշակերտն ինչ կարողունակություններ, ինչ գիտելիքներ, ինչ հմտություններ և ինչ արժեքներ պետք է ունենա:

Դպրոցական դասագրքերը կփոխվեն. առաջինը նոր գրքերով կսովորեն Տավուշի աշակերտները

«Երկար տարիներ մեր կրթական համակարգը չի նպաստել քննական մտքի, վերլուծական կարողությունների զարգացմանը։ Շատ գործոններ կան, որ դրան նպաստում են` դասավանդման մեթոդից սկսած մինչև ուսումնական նյութերի ընտրություն։ Ունենք մի կրթական համակարգ, որը գրված է պետական աշխատողի տեսանկյունից կամ ուսուցչի նպատակից, թե ինչ է ուզում ուսուցիչը դպրոցում իրականացնել»,– ասաց Անափիոսյանը։

Մենք շախմատի դասավանդման մեթոդի խնդիր ունենք

Նրա խոսքով` բարեփոխումները մի քանի նպատակ ունեն` բարելավել առարկաների որակը, կրճատել աշակերտների ծանրաբեռնվածությունը, հատուկ ուշադրություն դարձնել հայագիտությանն ու բնագիտական առարկաներին, ինչպես նաև առավել ճկուն դարձնել ուսումնական պլանները։

Ծրագրի շրջանակում փոփոխվելու են առարկայական ծրագրերը, դասագրքերը, գնահատման համակարգը։

Նոր ծրագիրն ու դասագրքերն առաջինը կփորձարկվեն 2020 թվականի սեպտեմբերից Տավուշի մարզում։

Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես ներողություն է խնդրել Նար–Դոսից