Ինչու է ոչ միանձնուհի կինը թաղված Օձունի եկեղեցու բակում, կամ հայկական մայր Թերեզան

Հայկական եկեղեցիների բակերում հազվադեպ են հուղարկավորում կանանց։ Եթե կան` նրանք կամ միանձնուհիներ են, կամ քահանաների կանայք։ Բացառություն է Աննա Հաբեշյանի շիրիմը Լոռվա մարզի Օձունի եկեղեցու բակում։
Sputnik

Ժաննա Պողոսյան, Sputnik Արմենիա

Օձունի եկեղեցու բակի տասնյակ շիրիմներից միայն մեկի վրա են ծաղիկներ դրված։ Քարի վրա փորագրված է «Աննա Հաբեշյան»։ Քահանա տղամարդկանց գերեզմանների շարքում հազվադեպ կտեսնես «քաղաքացիական» կնոջ շիրիմ, որին ոչինչ չի կապել եկեղեցու հետ․ նա ո՛չ միանձնուհի է եղել, ո՛չ քահանայի կին։ Սակայն տեղացիներն այնքան շատ են սիրել այս կնոջը, որ նրա մահից հետո որոշել են սրբադասել նրան․Աննան եղել է տեղի մայր Թերեզան։

Ինչու է ոչ միանձնուհի կինը թաղված Օձունի եկեղեցու բակում, կամ հայկական մայր Թերեզան

Աննա Հաբեշյանը միանձնուհի Մարիա Յակոբսենի դուստրն է՝ դանիացի կնոջ, որը, թողնելով իր բոլոր գործերը Հայոց ցեղասպանության տարիներին ժամանել է Օսմանյան կայսրություն, աշխատել որբանոցներում և բարեգործական հաստատություններում։ Յակոբսենը 1922թ-ից օգնել է Լիբանանի հայ փախստականներին և շուտով  բացել «Թռչնոց բույն» որբանոցը։ Տարիներ անց՝ 1960թ-ին, նրան սեփական ցանկությամբ հողին են հանձնել հենց որբանոցի բակում։

«Սա պատերազմ չէ, ավելի սարսափելի մի բան է». հայ որբերին փրկած օտարերկրացի կանանց մասին

Թե որտեղ է ծնվել Աննա Հաբեշյանը, հայտնի չէ։ Տարբեր վարկածներ կան․ասում են, որ Մարիա Յակոբսենը որդեգրել է նրան Օսմանյան կայսրության Խարբերդ նահանգում, կարծիքներ կան, որ նա որբուկին հանդիպել է Լիբանանում։ Ասում են նաև, որ Աննան եղել է չամուսնացած Յակոբսենի հարազատ դուստրը։ Մենք դժվար թե իմանանք ճշմարտությունը, նաև չենք կարող ասել՝ Աննան Մարիա Յակոբսենից սովորել է գթասիրտ լինել, թե դա նրան արյան միջոցով է փոխանցել։ Աննան Մարիա Յակոբսենի միակ երեխան էր, սակայն կինը նրան մեծացրել է որբանոցի երեխաներին հավասար։ Որբերը Յակոբսենին «մամա» են ասել, իսկ մյուս դայակներին և գթասրտության քույրերին՝ «մայրիկ»։

Մինչև Օձուն գյուղ տեղափոխվելը Աննայի կյանքի մասին քիչ բան է հայտնի։ Նա ամուսնացել է Հովակիմ Հաբեշյանի հետ։ Զույգը մի քանի տարի ապրել է Եվրոպայում, հետո հայրենադարձության հերթական ալիքի ժամանակ՝ 1940—ականներին, որոշել է տեղափոխվել Հայկական ԽՍՀ։ Մի անգամ նրան խորհուրդ են տվել` «Գյուղ գնա, խուսափիր քաղաքներից», ու նա հետևել է այդ խորհրդին։

Ինչու է ոչ միանձնուհի կինը թաղված Օձունի եկեղեցու բակում, կամ հայկական մայր Թերեզան

Հնարավոր է` այդ խորհուրդն էլ փրկել է նրա կյանքը, քանի որ եթե նա ակտիվ քաղաքացիական գործունեություն ծավալեր Երևանում կամ այլ քաղաքում, նրան կարող էին բանտ նստեցնել կամ աքսորել Սիբիր։

«Իմ սիրտը հայի է». օտար կանայք, որոնք հայ որբերին մայրեր դարձան. մաս 1–ին

Գնացքով Հայկական ԽՍՀ գալով` Հաբեշյաններն իջել են գրեթե առաջին կայարանում, այն մինչև հիմա կոչվում է եկեղեցու անունով՝ «Սանահին»։ Օձուն գյուղում նոր բնակիչներին նույնիսկ չեն նկատել․նրանք համեստ տուն են ընտրել մեծ գյուղի ծայրամասում։ Սակայն Հաբեշյաններին բախտ էր վիճակված դառնալ գյուղի հերոսները և բոլորի սիրելիները։ Ծանոթանալով տեղացիների կենցաղին՝ Աննան նկատել է, թե որքան շատ են հոգնում կանայք ծանր գործերի և ընտանեկան հոգսերի մեջ։

Ինչու է ոչ միանձնուհի կինը թաղված Օձունի եկեղեցու բակում, կամ հայկական մայր Թերեզան

Գյուղում գործել է մեկ մանկապարտեզը, որը չի տեղավորել բոլոր մանուկներին, ինչպես նաև ընդունել է երեք տարեկանից բարձր երեխաներին։ Աննան որոշել է սեփական հարկի տակ բացել սեփական, «անօրինական» մանկապարտեզը։ Շուտով Հաբեշյանների «տնային մանկապարտեզի» մասին լուրը տարածվել է ամբողջ Օձունում, և բազմաթիվ երեխաներ սկսել են այցելել զույգի տուն։ Նա ոչ միայն զբաղեցրել է երեխաներին, այլ նաև կերակրել և հագցրել՝ լիովին անվճար։

«Փամփուշտ տվեք` ինձ կրակեմ». օտար կանայք, որ հայ որբերին մայրեր դարձան. մաս 2–րդ

1988թ.-ի երկրաշարժից հետո Օձուն գյուղում նոր մանկապարտեզ են կառուցել, որը ի պատիվ Աննա Հաբեշյանի կոչել են նրա անունով։ Մանկապարտեզի շենքը գտնվում է այն փողոցում, որտեղ ապրել է Աննան։ Հաստատությունը մինչ օրս գործում է, այնտեղ հաճախում են 3-5 տարեկան երեխաներ։ Գյուղում երկու մանկապարտեզ կա։

Ինչու է ոչ միանձնուհի կինը թաղված Օձունի եկեղեցու բակում, կամ հայկական մայր Թերեզան

Հաբեշյանները երեք երեխա են ունեցել՝ Ռուբենը, Սիլվան և Սոֆին։ 2010թ.-ին Սոֆի Հաբեշյանը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին նվիրել է մոր անձնական իրերը, որոնց շարքում եղել են նաև տատի` Մարիա Յակոբսենի իրերը։

Ինչու է ոչ միանձնուհի կինը թաղված Օձունի եկեղեցու բակում, կամ հայկական մայր Թերեզան

Աննա և Հովակիմ Հաբեշյանները մահացել են 20-րդ դարի վերջին, 30 տարվա տարբերությամբ։ Ամուսնուն հողին են հանձնել Աննայի կողքին՝ Օձունի եկեղեցու բակում։ Նրանց շիրիմներին խոնարհված են եկեղեցու բակի եզակի ծառերի ճյուղերը։