ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի — Sputnik, Կարինե Հարությունյան. Ամիրյան 2 հասցեում գտնվող Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի նախկին շենքի տարածքում կգործի հյուրանոցային համալիր, բացի այդ կլինի մարզասրահ, լողավազան, գեղեցկության սրահ, գրախանութ, արագ սննդի կետ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նոր կառույցի նախագծի հեղինակ, ճարտարապետ Իսահակ Ներսիսյանը։
Ի դեպ, շենքի մայթի հատվածն արդեն 4 տարի է, ինչ թիթեղներով փակ էր շինարարական աշխատանքների պատճառով ու նոր–նոր են այն բացել։
«Որպես հյուրանոց շենքի նախագծային աշխատանքները սկսել ենք 2016–ին, ծրագրում էինք ավելի շուտ այն բացել, բայց 2020–ի գարնանը կլինի կառույցի բացումը։ Տարածքում կլինի նաև մեծ միջոցառումների սրահ, որտեղ կկազմակերպվեն պաշտոնական հանդիպումներ, ցուցադրություններ»,–ասաց ճարտարապետը։
Նրա խոսքով` այդ վայրում երկու ճարտարապետական արժեք ունեցող շենք կա` 1955–ին Սամվել Սաֆարյանի նախագծած նախկին արտաքին գործերի նախարարության շենքը և 19–րդ դարում կառուցված արական գիմնազիայի մասնաճյուղը, որտեղ հետագայում գործեց Իսահակյանի անվան գրադարանը։
Ներսիսյանը նշեց, որ երկու պատմամշակութային շենքերը պահպանելու, սակայն նաև դրանց հարկայնությունը բարձրացնելու խնդիր կար։ Բացի այդ, պետք է հին շենքի շարունակությունն այնպես կառուցվեր, որ պատմական շենքերի տեսքը չնսեմացվեր։ Այդ իսկ պատճառով էլ ամենաչեզոք լուծումն է տրվել` խոշոր ապակիներ են տեղադրվել կառույցի շարունակության մեջ։
«Փորձել ենք այնպիսի ծավալ ստեղծել, որ նորը ենթարկվի հնին։ Ավելացված հատվածն Իսահակյանի գրադարանի նախկին շենքի պահպանված ճակատային մասից մի փոքր ավելի հետ է կառուցվել, որպեսզի գերիշխող դիրք չունենա հնի հանդեպ»,–ասաց Ներսիսյանը։
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչո՞ւ նոր կառույցը հնի նմանությամբ չի ստեղծվել` ճարտարապետը նշեց, որ, իր կարծիքով, եթե ապրում ես 21–րդ դարում` պետք է կառուցես այնպիսի շենքեր, ինչպես հիմա են կառուցում։ Ըստ նրա` պետք չի նոր շենք կառուցել և իմիտացիա անել, թե այն կառուցված է 50-60 տարի առաջ։
Ներսիսյանի խոսքով` միգուցե այլ ճարտարապետ ավելի լավ լուծում կառաջարկեր Ամիրյան 2 հասցեում գտնվող շենքի վերակառուցման առնչությամբ, սակայն ինքը ստացել է այն, ինչ ուզում էր։
Աբովյան 10–ն ընդգրկվա՞ծ է հուշարձանների պահպանման ցանկում. ինչ գիտենք հրդեհված շենքի մասին
Հիշեցնենք` 2016–ին, երբ Ամիրյան 2–ում սկսվեցին շինարարական աշխատանքները, մեծ աղմուկ բարձրացավ, քանի որ լուրեր շրջանառվեցին, որ շենքի ճակատային մասը, որն էլ հենց պատմամշակութային արժեք է հանդիսանում, ապամոնտաժում են։ Հետո, սակայն, ճարտարապետը հանդես եկավ ասուլիսով ու հերքեց այդ լուրերը։
Վերոհիշյալ հասցեում կառուցապատում իրականացնողը «SGI» ինվեստ ՍՊԸ–ն է, որի սեփականատերը Գագիկ Զաքարյանն է` հայաստանյան բանկերից մեկի սեփականատերերից։