ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի — Sputnik. ԱՄՆ նախկին փոխնախագահ, ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը ողջունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող բանաձևն ընդունելու` ԱՄՆ Սենատի որոշումը։ Նա այդ մասին գրառում է արել Twitter-ում։
«Ես ողջունում եմ Սենատի կողմից կարևորագույն այս որոշման ընդունումը, որով ճանաչվում է Հայոց ցեղասպանությունը: Եթե մենք լիարժեքորեն չառերեսվենք անցյալին, ապա «այլևս երբեք» բանաձևը կկորցնի իր ողջ իմաստը,-Twitter-ում գրել է Բայդենը` հավելելով,-փաստերը պետք է շատ հստակ ու ազդեցիկ լինեն թե՛ ապագա սերունդների, և թե՛ այդ ողբերգության ականատեսների համար»:
Սեպտեմբերի 16-ին Բայդենը նամակ էր ուղղել Ամերիկայի Հայ դատի գրասենյակ` գրելով, որ ԱՄՆ-ն պետ է մեկընդմիշտ հաստատի իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում։
Նշենք, որ Բայդենը համարվում է Դեմոկրատական կուսակցության ամենահեռանկարային թեկնածուներից։ Դեկտեմբերի 10-ի դրությամբ RealClearPolitics-ի տվյալներով՝ նրա համար պատրաստ են ձայն տալ գրանցված դեմոկրատ ընտրողների 28,5%-ը։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12–ին ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը։ Այն 4-րդ անգամ ներկայացրել էին սենատորներ Ռոբերտ Մենենդեսն ու Թեդ Քրուզը։
Հայոց ցեղասպանության մասին բանաձևը (S.Res.150) սահմանում է Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականությունից հրաժարում, ԱՄՆ–ի կառավարության անունից Հայոց ցեղասպանության ճանաչում և իրազեկում` ապագայում նման հանցագործությունները կանխելու նպատակով։
Սենատորն արտասվել է Ցեղասպանության բանաձևի համար շնորհակալություն հայտնելիս. տեսանյութ
Հիշեցնենք, որ Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է։ Չնայած այդ փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, սակայն Թուրքիան՝ Օսմանյան կայսրության իրավահաջորդը, ավանդաբար հերքում է այդ իրողությունն ու դրան առնչվող մեղադրանքները։