ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի — Sputnik. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում գլխավորը խաղաղություն ապահովելն է, իսկ պլանները և բանաձևերը պետք է թողնել հեղինակներին։ Այդ մասին Երևանում լրագրողներին ասաց Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։
Ավելի վաղ հարցազրույցներից մեկում Էլմար Մամեդյարովն ասել է, որ հայկական կողմը բանակցություններում իբր առաջարկել է «Լավրովի պլանը»։ Նրա խոսքով` «Լավրովի պլանը» բանավեճերի արդյունք է, որոնք ընթացել են երկու տարի առաջ Մոսկվայում։ Բայց, ինչպես պարզաբանել է Մամեդյարովը, այն հիմնվում է «մադրիդյան սկզբունքների» վրա։
Sputnik Արմենիան Զատուլինից հետաքրքրվել է, թե ինչ պլանի մասին է խոսքը` հաշվի առնելով, որ Ռուսաստանի ԱԳՆ–ն բազմիցս հերքել է «Լավրովի պլանի» առկայությունը։ Ռուս պատգամավորը նշեց, որ իրավասու չէ խոսել Լավրովի անունից` ավելացնելով, որ տարիներ շարունակ կողմերը խոսում են տարբեր բանաձևերի մասին։
«Կազանում տպավորություն էր ստեղծվել, որ կողմերը մոտ են պայմանավորվածության։ Բայց հետո գործընթացը տապալվեց։ Ավելին, 2016թ–ին ռազմական սադրանք է եղել։ Ի տարբերություն շատերի` ես չեմ ուզում երկերեսանիություն անել։ Ուզում եմ ասել, որ այդ նախաձեռնությունը պատկանել է Ադրբեջանին», – ասաց նա։
Ոչինչ չի կարող սահմանափակել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը. ԱԳՆ
Զատուլինի խոսքով` հենց Ադրբեջանն է շահագրգռված հակամարտության գոտում ստատուս քվոն վերացնելուն։ Բաքուն անվերջ խոսում է այդ խնդիրը ցանկացած ճանապարհով լուծելու անհրաժեշտության մասին, այդ թվում` ռազմական։
«Բայց ես կարծում եմ, որ դա մեզ չի մոտեցնում խաղաղության։ Տվյալ դեպքում Ռուսաստանի գործառույթն այն է, որպեսզի համբերատարությամբ և համառորեն հասնի կողմերի միջև պայմանավորվածությունների։ Գլխավորը, որպեսզի նրանք ռազմական ուժ չկիրառեն։ Իսկ բանաձևերը, պլանները և մնացածը թողնենք հեղինակներին», – ասաց Զատուլինը։
Ղարաբաղի հարցի «կարմիր գծերը» չեն բացառում փոխըմբռնման հասնելու հնարավորությունը. Զախարովա
Հիշեցնենք, որ Երևանի և Բաքվի միջև բանակցությունների վերջին փուլը, որի մասին հիշատակել է Մամեդյարովը, կայացել է դեկտեմբերի 5–ին Բրատիսլավայում։ Հաջորդ հանդիպումը ԱԳՆ ղեկավարների մակարդակում տեղի կունենա 2020թ–ի հունվարին։