Զբոսաշրջիկին «թալանած» ու կեղծ կտրոն տված վարորդին գտել են

Գերմանացի զբոսաշրջիկին «Զվարթնոցից» Հանրապետության հրապարակ հասցնելու համար տաքսու վարորդը 34 հազար դրամ էր վերցրել ու դրա դիմաց կեղծ կտրոն տվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Ոստիկանության ծառայողները պարզել են, որ զբոսաշրջիկին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից Հանրապետության հրապարակ տանելու համար 34 հազար դրամ գանձած ու դրա դիմած կեղծ կտրոն տված անձը անհատ տաքսու վարորդ է։  Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը։

«Դեկտեմբերի 12-ին սոցցանցերում հրապարակում էր արվել, ըստ որի` «Աէրոպորտ սերվիս» տաքսի ծառայության վարորդներից մեկը գերմանացի զբոսաշրջիկին «Զվարթնոց» օդանավակայանից Հանրապետության հրապարակ հասցնելու դիմաց ստացել է 34.000 դրամ` ներկայացնելով համապատասխան կտրոն։ Հրապարակման հիման վրա ոստիկանության «Զվարթնոց»օդանավակայանի գծային բաժնում սկսվել է նյութերի նախապատրաստման գործընթաց»,–գրել է Ջանոյանը։

Նա նշել է, որ 38-ամյա տղամարդը ոստիկանության «Զվարթնոց»օդանավակայանի գծային բաժնում տվել է բացատրություն։ Հանգամանքները պարզվում են։

Կտրոնը կեղծ է. «Զվարթնոց» օդանավակայանն արձագանքել է շատերին զայրացրած լուսանկարին

Հիշեցնենք` ԵՊՀ ցեղասպանագիտության բաժնի վարիչ Սուրեն Մանուկյանը Facebook–ում կտրոնի լուսանկար էր հրապարակել և նշել, որ կտրոնը տրվել է Հայաստան ժամանած գերմանացի մի քաղաքացու «Զվարթնոց» օդանավակայանից «Մարիոթ» բերելու համար։

«Զվարթնոց» օդանավակայանի մամուլի ծառայությունն արձագանքել էր այդ հրապարակմանը։

«Երեկվանից շրջանառվող լուրի հետ կապված, համաձայն որի՝ Հայաստան ժամանած գերմանացի քաղաքացուց «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից «Արմենիա Մարիոթ» հյուրանոց տեղափոխելու համար տաքսու վարորդը պահանջել է 34.000 ՀՀ դրամ, ցանկանում ենք տեղեկացնել, որ 2019 թվականի փետրվարի 1-ից «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի՝ տաքսի ծառայություն մատուցող միակ պաշտոնական գործընկերը Yandex Taxi ընկերությունն է, որի գնացուցակը փակցված է օդանավակայանում: Միևնույն ժամանակ ցանկանում ենք նշել, որ լուսանկարում երևացող կտրոնը կեղծ է և չի պատակնում Yandex Taxi ընկերությանը»,– նշված էր օդանավակայանի տարածած հաղորդագրությունում:

Խաբված զբոսաշրջիկները փոխհատուցման հույս չունեն. մեղադրյալը որևէ գույք չունի

«Զվարթնոցն» ուղևորներին հորդորել էր օգտվել միայն վստահելի տաքսի ծառայություններից՝ նման խնդիրներից խուսափելու համար` նշելով, որ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերությունը մշտապես բարձրաձայնել է օդանավակայանում առկա նման խնդրի մասին և դիմել պատկան մարմիններին` խնդրով զբաղվելու և կեղծարարությամբ զբաղվողներին բացահայտելու համար: