«ՈՒԵՖԱ-ից այցելում են մեզ ու ասում, որ ապրում ենք քարե դարում». Սուրեն Բաղդասարյան

Անվանի մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի առաջիկա ընտրությանն ու հայկական ֆուտբոլին առնչվող կարևոր հիմնախնդիրներին:
Sputnik

Սուրեն Բաղդասարյանին զարմացրել է այն հանգամանքը, որ ՀՖՖ նախագահի պաշտոնին հավակնող թեկնածուների թիվը չորսն էր: Նրա կարծիքով՝ կային մարդիկ, որոնք փորձում էին իրենց թեկնածությունն առաջադրել, բայց կա կանոնադրություն, ըստ որի՝ թեկնածուներին պետք է առաջադրի ՀՖՖ հիմնադիր կազմակերպություններից որևէ մեկը:

Մեկնաբանին մտահոգում է, որ նախատեսված ընտրություններից առաջ արդեն իսկ կան խախտումներ, որոնք կարող են ստվերել ընտրությունները՝ խորացնելով հայկական ֆուտբոլում առանց այդ էլ գոյություն ունեցող ճգնաժամը:

«Լավ կլիներ, որ ֆեդերացիայում նախապես հայտարարված զտումն իրականացներ այնպիսի անձ կամ մարդկանց կոնկրետ խումբ, որպեսզի արդար կերպով և իրավաբանական հիմունքներով զտում կատարվեր: Մինչդեռ դրանով այսօր զբաղվում է թեկնածուներից մեկը: Նա, ըստ էության, տնօրինում է մյուս թեկնածուների ճակատագիրը, ինչը խեղկատակություն է»,- տարակուսանքով նշում է Բաղդասարյանը:

Մեկնաբանի դիտարկմամբ` արատավոր երևույթները մեզանում արդեն պարբերական բնույթ են կրում։

«Նույնիսկ ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչները, երբ այցելում են մեզ, ասում են, որ մենք ապրում ենք քարե դարում»,– ասում է նա:

Ֆուտբոլիստների ապահովագրություն, կամ ինչպես կանխել ողբերգական դեպքերն այս մարզաձևում

Եթե այսպես շարունակվի, ապա Բաղդասարյանի համոզմամբ՝ մեր ֆուտբոլային հանրությունն ըմբոստանալու է, դժգոհությունները լինելու են բավականին մեծ: Այսինքն՝ ընտրվողը լեգիտիմ չի լինի:

Հիշեցնենք` դեկտեմբերի 6-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնի համար կպայքարեն ՀՖՖ ներկայիս առաջին փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը, «Լոռի» ֆուտբոլային ակումբի նախագահ Թովմաս Գրիգորյանը և «Անի» թիմի նախագահ Խորեն Հովհաննիսյանը: «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի կողմից առաջադրված Արսեն Աղաջանյանի թեկնածությունը չի ընդունվել փաստաթղթերի ոչ ամբողջական լինելու պատճառով: ՀՖՖ նախագահի և գործկոմի ընտրությունները կկայանան դեկտեմբերի 23-ին: Ֆեդերացիայի նախագահի պաշտոնը թափուր է նոյեմբերի 21–ից, երբ Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ հրաժարական է տալիս։