Մի հիվանդանոցից մյուսն են ուղարկել, և արդեն ուշ է եղել. նորածինը մահացել է, մորը փրկել են

Հղիին Վարդենիսի ԲԿ–ից ուղարկել են Մարտունու բժշկական կենտրոն։ Կեսարյան հատումով լույս աշխարհ եկած փոքրիկի կյանքը փրկել չի հաջողվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի — Sputnik. Մարտունու բժշկական կենտրոնում նորածին է մահացել. արական սեռի երեխան կեսարյան հատումով լույս աշխարհ է եկել, բայց ժամեր անց մահացել է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ծննդկանի` Ծովակի բնակիչ Ինետա Գալստյանի ամուսինը` Հրայր Խուրշուդյանը։

«Կինս 37 շաբաթական հղի էր։ Հղիությունը նորմալ էր ընթացել. ծննդաբերության ժամկետին դեռ երկու շաբաթ ուներ։ Երեկ գիշեր` ժամը 3–ի կողմերն ասաց, որ ուժեղ ցավեր ունի, սրտխառնոց ու երեխային չի զգում։ Նրան տեղափոխեցինք Վարդենիսի ԲԿ, որտեղ էլ հաշվառված է եղել։ Բայց այնտեղ ասացին, որ անեսթեզիոլոգ չկա ու պետք է Մարտունու ԲԿ տանենք նրան»,–պատմեց նա։

Խուրշուդյանի խոսքով` Մարտունու ԲԿ–ից ասել են, որ արդեն բարդություններով և ուշ է իրենց մոտ տեղափոխվել հղին, ինչի պատճառով էլ հնարավոր չի եղել փրկել երեխայի կյանքը։ Ավելին, կինն էլ սկսել է արնահոսել ու մեծ քանակությամբ արյուն է կորցրել. նրա վիճակն էլ ծանր է։ Խուրշուդյանը պատմեց նաև, որ 3 անչափահաս աղջիկ ունի, երկար տարիներ էին սպասել տղայի ծննդին։

Ձմեռ պապին ո՞նց եմ նամակ գրելու. պայթուցիկը 10-ամյա Գարուշի ձեռքերի մեջ է պայթել

«Ես պայմանագրային զինծառայող եմ, առաջին գծում եմ ծառայում, ու հիմա ուշքումիտքս կնոջս կյանքը փրկելն է։ Եթե կնոջս կյանքը չփրկեն, Վարդենիսի ԲԿ–ում պատասխան են տալու այս ամենի համար. 30 րոպե ճանապարհ ենք կտրել, մինչև հասել ենք Մարտունու ԲԿ և մինչև մի հիվանդանոցից մյուս ենք տարել, արդեն ուշ է եղել»,–ասաց նա։

Վարդենիսի ԲԿ–ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Շահեն Շահինյանն էլ Sputnik Արմենիային հայտնեց, որ 32-ամյա Ինետան իր մոտ է հաշվառված եղել ու հենց ինքն էլ հետևել է հղիության ընթացքին։ Բժշկի հավաստմամբ` կինը 7 անգամ կոնսուլտացիայի է գնացել, անհրաժեշտ բոլոր հետազոտություններն անցել է ու նորմալ հղիություն ունեցել։

Նորածինների ապօրինի որդեգրման դեպքերի հետ ծննդատներն առնչություն չունեն. Աբրահամյան

«Նախատեսված ժամկետից շուտ նրա մոտ ընկերքի վաղաժամ շերտազատում է եղել, որի դեպքում պետք է արդեն շտապ կեսարյան հատում իրականացնեին։ Հիվանդանոցը շուրջօրյա անեսթեզոլոգ չունի, ինչի համար էլ հղիին ասել ենք, որ պետք է Մարտունու ԲԿ գնա»,–ասաց Շահինյանը` հավելելով, որ շուրջօրյա անեսթեզոլոգի խնդրի մասին քանիցս բարձրաձայնվել է։

Մահացած 1,5 ամսական երեխան սրտի արատ է ունեցել. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ

Իսկ Մարտունու ԲԿ–ի գինեկոլոգ Աշոտ Հովհաննիսյանն էլ հայտնեց, որ հղին «Մարտունու» ծննդատուն է ընդունվել առավոտյան ժամը 7-ին. կեսարյան հատումից հետո երեխայի վիճակը ծանր է եղել, և նրա կյանքը փրկել չի հաջողվել։ Նա նշեց նաև, որ ծննդկանն իրենց մոտից այսօր տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ։

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնեցին, որ ծննդկանի վիճակի վերաբերյալ ահազանգ ստանալուց հետո նախարարությունը որոշել է կազմակերպել ծննդկանի բուժօգնությունը և անհրաժեշտության դեպքում ուղղաթիռի միջոցով նրան Երևան տեղափոխել։ Սակայն ոչ թռիչքային եղանակային պայմանների պատճառով Մարտունու ծննդատուն է մեկնել «Էրեբունի» բժշկական կենտրոնի ռեանիմոբիլը` վերակենդանացման բրիգադով:

«Մարտունու ծննդատանը Երևանից մեկնած մասնագետների հետ համատեղ կատարվել են անհրաժեշտ միջոցառումները կնոջ կյանքը փրկելու համար: Ամբողջ ընթացքում խորհրդատվություն է իրականացվել Երևանի մասնագետների հետ: Վիճակը կայունացնելուց հետո կինը տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ–ի վերակենդանացման բաժանմունք»,–հայտնեցին նախարարությունից։

Այժմ Ինետա Գալստյանի վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում: Առողջապահության նախարարությունը վստահեցնում է, որ դեպքի մանրամասները կուսումնասիրվեն և կտրվի մասնագիտական, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև իրավական գնահատական:

Գյումրիում երկրաշարժից ուղիղ 31 տարի անց` նույն ժամին, փոքրիկ է ծնվել