ՌԱԴԻՈ

Իշխանյան. «Մղձավանջային երազում կպատկերացնեի, որ Օրուելի «1984» վեպը ՀՀ-ում կիրականանա»

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է ԱԺ կողմից առաջին ընթերցմամբ ընդունված նախագծին, որով ոստիկանությանը թույլատրվելու է ինքնուրույն գաղտնալսում կազմակերպել։
Sputnik
Իշխանյան. «Մղձավանջային երազում կպատկերացնեի, որ Օրուելի «1984» վեպը ՀՀ-ում կիրականանա»

Գործող օրենքով ոստիկանությունը կարող է կասկածյալներին գաղտնալսել միայն ԱԱԾ-ին դիմելով։ Երկրորդ ընթերցմամբ այս օրենքն ընդունվելու դեպքում ոստիկանությունը կարող է ինքնուրույն և ԱԱԾ-ից անկախ իրականացնել գաղտնալսումներ։

Ավետիք Իշխանյանը նշում է, թե միայն մղձավանջային երազում կարող էր պատկերացնել, որ Օրուելի «1984» վեպը Հայաստանում կդառնա իրականություն:

Իշխանությունը «ձեռք է մեկնել». Ալեն Սիմոնյանը` սկանդալային օրենքի մասին

«Տոտալ վերահսկողություն է իրականացվելու ՀՀ քաղաքացիների նկատմամբ, ինչը հռչակված ժողովրդավարության և մարդու իրավունքների օրենսդրական կոպիտ խախտում  է, էլ չեմ ասում իրավակիրառության մասին՝ հաշվի առնելով նաև Հայաստանի ոչ իրավական պետություն լինելը»,- նշում է Ավետիք Իշխանյանը:

Իրավապաշտպանի դիտարկմամբ՝ ցանկացած մարդ, ով կարող է անհաճո լինել իշխանությունների համար, պետք է ապահովության համար այլևս հեռախոս չունենա և հեռախոսով չխոսի: Այս օրենքով, ըստ նրա, խախտվում է ամեն ինչ, տեղի է ունենում անձնական կյանքի ներխուժում, բոլոր գործողությունների տոտալ վերահսկում, անմեղության կանխավարկածի անտեսում: Այս ամենը, իրավապաշտպանի համոզմամբ, կկիրառվի նաև քաղաքական նպատակներով:

«Իմ քայլը» մերժեց «Լուսավոր Հայաստանի» նախագիծը. ԱԱԾ–ում ոչինչ չի փոխվի

«Եթե օրինագիծն ընդունենք որպես զուտ հանցավորության դեմ պայքարի գործիք, ապա դա ցույց է տալիս, որ մեր իրավապահ մարմինները հանցագործությունների բացահայտման համար անհրաժեշտ իրավական հմտություններ չունեն, հետևաբար ցանկանում են իրենց գործը, չակերտավոր ասած, հեշտացնեն և հեռախոսազրույցների գաղտնալսման հիմքի վրա քրեական գործեր հարուցեն առանց չարչարվելու»,- նշում է Ավետիք Իշխանյանը և հավելում։

Նրա խոսքով`իրավապահները պետք է ապավինեն կրիմինալիստիկայի ժամանակակից մեթոդներին, անվիճելի փաստարկներով ապացուցեն հանցագործությունը և կանխեն այն, այլ ոչ թե գնան նման ճանապարհով, ինչը բացարձակապես անընդունելի է: